Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգեւատրվել էր Ազգային ժողովի Պատվո մեդալով, սակայն առողջական պատճառներով չէր կարողացել ներկա գտնվել ԱԺ-ում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:
Հովիկ Աբրահամյանը դերասանուհուն պարգեւը հանձնեց նրա տանը: Շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` ԱԺ նախագահը մաղթեց նրան շուտափույթ ապաքինում, հաջողություն եւ բեղմնավոր գործունեություն։ Տիկին Գրիգորյանը հանկարծակիի էր եկել Ազգային ժողովի նախագահի այցելությունից եւ շատ շոյված էր նրա վերաբերմունքից: Նա իր երախտագիտությունը հայտնեց Հովիկ Աբրահամյանին եւ նրան նվիրեց իր հեղինակած գիրքը: