National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց շվեդ պատգամավորներին
1 / 2

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին :

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  նրանց  ներդրումը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց  Ռիկստագի նախագահին եւ այն 131 պատգամավորներին, ովքեր` հաշվի չառնելով որոշ պետական գործիչների կողմնակալ կեցվածքը եւ անտեսելով շահադիտական նկատառումները, կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը` հանուն պատմական արդարության վերականգնման:  «Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց մեծ եղեռնի դատապարտումը եւս մեկ քայլ է ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ աշխարհում նման  ոճրագործությունների կանխման համար» -շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի կարգավորմանը,  ԱԺ  նախագահը շեշտեց, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության խաղաղ լուծումը միակ ճանապարհն է եւ այն  պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը` ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով:

Հովիկ Աբրահամյանը մտահոգիչ  համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում, նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճում է վերջինիս ռազմական բյուջեն, եւ այս ամենը անհնարին է դարձնում տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հաստատումը: Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին` նշելով, որ ՀՀ Նախագահը քաղաքական կամք դրսեւորեց ու քայլ կատարեց  հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց ցավոք Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն  Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ մեր երկիրը  մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ծավալումը, այդ թվում միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: «Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության օրինակ, եւ երկու խորհրդարանների արդյունավետ համագործակցությունն իր ավանդը կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում» -նշեց Հովիկ Աբրահամյանը:

 Տիկին Էնոքսոնը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով  խորհրդարանի ղեկավարին իրենց ԱԺ պատվո մեդալով պարգեւատրելու համար` շեշտեց, որ  համամիտ է Հովիկ Աբրահամյանի այն մտքի հետ,  որ Հայոց ցեղասպանության դատապարտումը կարեւոր  քայլ է ցեղասպանության ճանաչման եւ աշխարհում նման  ոճրագործությունների կանխման համար եւ այն պետությունը, որն իրագործել է այդ ոճիրը պետք է ներողություն խնդրի, քանի որ առաջ գնալու համար պետք է անցյալը հիշել: «Հայաստանը չունի նավթ, գազ, ելք դեպի ծով, բայց ունի ամենակարեւորը` հայ ժողովուրդ հայրենիքում եւ սփյուռքում: Դուք ունեք լավագույնը ` ձեր մտավոր մեծ ներուժը»-ասաց շվեդ պատգամավորը:

Տիկին Էնոքսոնը լինելով շվեդ-հայկական պատգամավորական խմբի նախագահը`  կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` առանձնացնելով բարեկամական խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` շվեդ պատգամավորները նույնպես կարեւորեցին հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am