Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որին ներկա էին խորհրդի 32 անդամներից 30 -ը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգային միակ հարցը ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն է: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչություն դիմում էր ներկայացրել մեկ թեկնածու` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։
Իր խոսքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթները, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց ռեկտորի ընտրությունն իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի 30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրեցին Կորյուն Աթոյանին:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորի անունից շնորհավորեց նորընտիր ռեկտորին եւ մաղթեց հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում եւս օգտագործել նրա խորհուրդները բուհի կառավարման գործընթացում: Յուրի Սուվարյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին եւ շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար` նշեց, որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում եւ առաջընթաց ապահովելու գործում:
Ելույթ ունենալով` ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար ու խոստացավ անել հնարավորը բուհում ձեւավորված լավ ավանդույթները շարունակելու եւ սկսված բարեփոխումները շարունակելու համար: Սպառելով օրակարգը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստն ավարտեց աշխատանքները: