National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանեց Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արեւելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  մայիսի 3-ին կայանալիք  հիմնադիր նիստին:

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու համար` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անհրաժեշտ համարեց Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ այս համատեքստում կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել եւ մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  մեկնարկին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի նախագահին Հայաստանի հանդեպ նրա ղեկավարած կառույցի ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ պատահական չէ, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության հաստատման եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման աջակիցն է եւ առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ այս ձեւաչափով համագործակցության գաղափարը:

ԱԺ նախագահը կարեւորեց Եվրախորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ այս տարի  ստորագրված Վերապատրաստման ծրագիրը, որը` Եվրոպական հեղինակավոր կառույցի հարուստ փորձին ծանոթանալու միջոցով մեծապես կնպաստի երկու կառույցների միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:

Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մայիսի 18-ին Եժի Բուզեկի  այցը  Հայաստան նոր  լիցք կհաղորդի  Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ հետզհետե ամրապնդվող հարաբերություններին:

Եժի Բուզեկը նշեց, որ Հայաստանը առանցքային տեղ է գրավում ԵՄ  Արեւելյան գործընկեր երկրների փոխգործակցության մեջ: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, բարձր գնահատեց նկատելի առաջընթացը այս ուղղությամբ` նշելով, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը:  Անհրաժեշտ համարվեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք շեշտեցին տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության կարեւորությունը:  Զրուցակիցները անդրադարձան նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարեւորելով ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:

Մայիսի 3-ին ԱԺ նախագահը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որին կմասնակցեն նաեւ  Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am