National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում

Մայիսի 3-ին մեկնարկեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին  մասնակցում էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը /ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար/, Ալեքսանդր Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Խաչիկ Հարությունյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մելիքյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Նա շեշտեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի շրջանակում նոր ձեւաչափով համագործակցության կարեւորությունը, նշեց, որ խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է երկխոսություն ծավալելու, առկա խնդիրները քննարկելու համար: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային հակամարտություններին եւ  ընդգծեց բանակցությունների միջոցով տարածքային խնդիրների լուծման անհրաժեշտությունը:   Այնուհետեւ  ելույթ ունեցան ԵՎՐԱՆԵՍԹ-ի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները:

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անունից շնորհավորել մեզ բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել դոկտոր Եժի Բուզեկին իր հրավերի համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ-ում ներկայացված բոլոր ազգային պատվիրակությունների եւ քաղաքական խմբերի ղեկավարներին` իրենց կատարած հետեւողական աշխատանքի համար, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս յուրահատուկ նախաձեռնությունը:

Դեռեւս 2004 թվականին, երբ սկիզբ առավ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը, Եվրամիության երկարաժամկետ նպատակն էր օժանդակություն տրամադրել Արեւելյան գործընկեր երկրներին եւ նույնատիպ ծրագրերի իրականացման միջոցով դյուրացնել նրանց անցումային փուլը դեպի լիարժեք ժողովրդավարություն:

Այս համատեքստում ակնհայտ է ԵՎՐԱՆԵՍԹ-ի ինքնատիպությունը: Արեւելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող Եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիր հանդիսանում:

Եվրախորհրդարանն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է հավատարմությունը համամարդկային արժեքներին` ազգերին խրախուսելով միավորվել ազատության, համերաշխության, արդարության եւ կայունության գաղափարի շուրջ, ընդդեմ արգելքներ եւ բաժանարար գծեր ստեղծելու գայթակղության, որն այնքան դյուրին է քաղաքական ասպարեզում:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է իր հավատարմությունն այս համամարդկային արժեքներին եւ եղել համագործակցության ջատագովը, իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցը:
 
 

ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի  այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արեւելյան գործընկերությանը եւ արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմնարար արժեքներին,  հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը: Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաեւ միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջեւ վստահության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության եւ անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաեւ Պրահայի հռչակագրում:

Բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց եւ կանխատեսել մարտահրավերները: Այն նաեւ յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության եւ փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի եւ գործընկեր պետությունների խորհրդարանների միջեւ:

Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ: Այն կարող է հզոր գործիք դառնալ գործընկերության ամրապնդման եւ զարգացման գործում:

Հայաստանի  դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական եւ լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը: Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարեւորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը:

Ցանկանում եմ նաեւ հատուկ շեշտել, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել: Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի  արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐԱՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում եւ փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը:

Անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել ԵՎՐԱՆԵՍԹ-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձեւավորման եւ  նախապատրաստական աշխատանքներին   իր մասնակցությամբ:

Գլոբալացման այս դարաշրջանում բազմազանության դերը չափազանց կարեւոր է, եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցերը պետք է գերակայեն մեր քաղաքական օրակարգում: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: «Խոսքի եւ հավաքների ազատության մասին» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել մեր հանրապետությունում:

Հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ը նաեւ նոր թափ կհաղորդի մեր միջեւ առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջեւ կապերի ամրապնդման համար:

Ավարտելով ելույթս` ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ես ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական ձեւաչափը դիտարկում եմ ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանն ունի»:

Խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր ակտը եւ ընդունվեց կանոնակարգը: 

Նշենք , որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի համանախագահի տեղակալ, Բյուրոյի անդամ,  Արտակ Զաքարյանը `ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ, Ստյոպա Սաֆարյանը`  էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի համանախագահի տեղակալ եւ Նաիրա Զոհրաբյանը` քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի  հանձնաժողովի համանախագահի տեղակալ:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am