National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.05.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Ազգային ժողովը մայիսի 11-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական բոլոր` մեկ տասնյակից ավել  նախաձեռնությունները:

«Բաց դասի» շրջանակներում օրենսդիրի նիստին ներկա գտնվելու հնարավորություն էին ստացել Հյուսիսային համալսարանի ուսանողներն եւ դասախոսները, ում ողջույնի խոսք ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց կառավարության հեղինակած մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով ամրագրվում է պարտապանի գույքի գնահատումն եւ իրացումն օրենքով սահմանելու նորմ: Գործադիրն առաջարկում է կրճատել պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային  աճուրդի ներկայացնելու պարագայում որոշում կայացնելու ժամկետը եւ այդ նպատակի համար սահմանում երեք օր` գույքի գնահատումից հետո: Փաթեթում պարզեցված են հանրային վաճառքի ընթացակարգերը, վերանայված եւ կրճատված սահմանված ժամկետները: Արդարադատության նախարարի խոսքով`  այս կերպ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ կատարված քայլերը կնպաստեն գործարար միջավայրի բարելավմանը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության» օրենսգրքում եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները նույնպես նախատեսում են պարզեցնել ընթացակարգերը` այս դեպքում ամուսնությունների գրանցման ժամանակ: Փոփոխությամբ հնարավոր կդառնա, որ մարզերի բնակիչները ամուսնութան պետական գրանցում կատարեն նաեւ մայրաքաղաքում: Նախարարի հավաստմամբ` անկախ մշտական բնակության վայրից` ՀՀ քաղաքացին կսպասարկվի: Ընդ որում նախագծով վերանայվել եւ կրճատվել են նաեւ ամուսնության գրանցման ժամկետները` սահմանվելով 7-օրից երեք ամիս ժամանակ: Հնարավորություն է ստեղծվել հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնությունը գրանցել նաեւ ավելի կարճ ժամկետում:

Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրինագիծը` հարակից երկու նախագծերով: Այս փաթեթը խորհրդարանում երրորդ ընթերցման ժամանակ չէր ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ, եւ, որոշակի փոփոխություններով, կրկին օրակարգում է: Նոր նախագիծը սահմանում է հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաեւ բարձրաստիճան անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Հայտարարագիր ներկայացնողների ներկա շրջանակը, այս նախագծի ընդունման պարագայում, շեշտակի կկրճատվի. շուրջ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ կներկայացնեն միայն հայտարարագրեր` էթիկայի հանձնաժողովին: Այս հանձնաժողովը, ըստ նախագծի,  կձեւավորվի վեց տարի ժամկետով եւ հանձնաժողովի հինգ անդամներին կնշանակի հանրապետության Նախագահը`   ԱԺ նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ: Այս հանձնաժողովը քննելու է պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների եւ դատախազների` նախագծով սահմանված էթիկայի կանոնների խախտմանը վերաբերող դիմումները: Փաստաթուղթը ընձեռում է նաեւ առանձին մարմիններում էթիկայի հանձնաժողովներ ստեղծելու հնարավորություն:  Նոր նախագիծը ենթադրում է ներդնել նոր` շահերի բախման ինստիտուտ, ինչպես նաեւ սահմանում է հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու արգելք:  ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը հեղինակին առաջարկեց հստակեցնել նախատեսված սահմանափակումների ցանկում  նշված արգելքը` «իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար»: Պրն. Բալասանյանի կարծիքով` քաղաքական գործիչների ու մասնավորապես պատգամավորների պարագայում պետք է ճշգրիտ ձեւակերպում ունենալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս նախաձեռնությանը: Խմբակցությունը համոզված չէ այս նախագծի հակակոռուպցիոն բնույթի, նաեւ` անկախ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մեջ:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջարկը նախատեսում է  առեւտրային կազակերպությունների միջեւ ծագած վեճերը լուծել դատարանում արագացված դատաքննությամբ, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի եւ անվիճելի իրավունքի վրա: Նախարարի ներկայացմամբ` այս փոփոխությունը կնպաստի, որ վեճերը լուծվեն առավել սեղմ ժամկետներում, եւ վերականգնվի  կազմակերպության բնականոն գործունեությունը: Վերոնշյալ բոլոր նախագծերը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտում են. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները դրական էին:

«Զինապարտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, արդարադատության նախարարի բնորոշմամբ, կփարատեն հասարակության մեջ առկա մտահոգությունները` դպրոցը դեռ չավարտած զորակոչային տարիքին հասնելու վերաբերյալ: Նոր կրթական չափորոշիչների ներդրման արդյունքում 12-ամյա կրթական համակարգում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք դեռ ուսումը չավարտած` հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքին: Եթե առանձին դեպքում խնդիրը կարգավորվում է կառավարության որոշմամբ, ապա  2012 թ. կունենանք 6 հազար նման դեպք, որոնք նպատակահարմար է կարգավորել օրենքով: Նախարարը ներկայացրեց, որ խնդրի լուծման համար արական սեռի համար սահմանել են տարկետում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների համար  եւ զորակոչի տարիք սահմանել 19-ը: Գլխադասային` պաշտպանության,  ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում եւս կարծում են, որ դժվար է յուրաքանչյուր դեպքի համար ընդունել կառավարության որոշում, իսկ օրենքը տալիս է առավել համապարփակ լուծում: Հանձնաժողովը, Հրայր Կարապետյանի ներկայացմամբ, տվել է դրական եզրակացություն:

«Նոտարիատի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկը, արդարադատության նախարարի ներկայացմամբ, կմեղմի նոտարական գործունեություն ծավալելու համար առաջադրված պահանջները: Փոփոխության արդյունքում  մեկ տարվա փոխարեն նոտարական գործունեության համար բավարար կլինի 6 ամսվա ստաժը: Բացի դա, նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն կունենա նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին` անկախ ստաժից: Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 12-ի նիստում:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին առաջարկեց երկրորդ ընթերցմամբ ընդունել «Հանրակրթության մասին» օրենքում լրացման առաջարկը:

ԱԺ չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգով, տեղի ունեցավ հարցուպատասխան պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am