Մայիսի 11-ին մրցույթ-փառատոնի հերթական` երկրորդ փուլն անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթ-փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:
Բանաստեղծի ստեղծագործական ուղին մասնակիցներին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:
Մրցույթ-փառատոնի նախնական փուլին մասնակցել էին Գեղարքունիքի մարզի 126 դպրոցների շուրջ 1200 աշակերտ, որոնցից երկրորդ փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 44 աշակերտ:
Երկու տարիքային խմբերից` 11-14 եւ 15-17, Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին այս մարզից կմասնակցեն 6 աշակերտներ:
Երկրորդ փուլում հաղթած վեց երեխաները պարգեւատրվեցին գեղարվեստական գրքերով:
Մայիսի 7-ին մրցույթ-փառատոնի մարզային երկրորդ փուլն անցկացվել էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզում, որտեղ առաջին` նախնական փուլին մասնակցել էր մարզի 120 դպրոցի 1200 աշակերտ, երկրորդ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 40 աշակերտներ: Նրանցից վեցը, երկու տարիքային խմբերից, նույնպես կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:
Մայիսի 14-ին մրցույթ-փառատոնի հերթական փուլը կանցկացվի Կոտայքի մարզում: