Մայիսի 17-ին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին:
Ողջունելով հյուրերին` Գագիկ Մելիքյանը հույս հայտնեց, որ հունգար գործընկերների այցը Հայաստան խթան կհանդիսանա` սերտացնելու եւ ամրապնդելու հայ-հունգարական դարավոր բարեկամությունը, որը որակական նոր աստիճանի է բարձրացվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Հունգարիա կատարած պաշտոնական այցից հետո:
Գագիկ Մելիքյանը եւ Լիլիթ Գալստյանն շնորհակալություն հայտնեցին հունգար ժողովրդին, ազգային փոքրամասնությունների` մասնավորապես հունգարահայերի նկատմամբ ցուցաբերած ջերմ եւ բարեգութ վերաբերմունքի համար:
Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ծագումով հայ Անդրաշ Կուպպերը նշեց, որ Հայաստան այցի հիմնական նպատակը հայ-հունգարական բարեկամական կապերի վերականգնումն ու դրանց ամրապնդման ցանկությունն է: Իսկ դրա համար, ըստ զրուցակիցների, կան բոլոր նախադրյալները` պատմական եւ մշակութային նմանություններ, համագործակցության լայն դաշտ Եվրամիության Արեւելյան գործընկերություն ձեւաչափում:
Հայ եւ հունգար գործընկերների համոզմամբ` համագործակցության համար նպաստավոր կարող է լինել երկու երկրներում դեսպանությունների հաստատումը:
Հյուրերը տեղեկացրեցին, որ Հունգարիայի խորհրդարանում ընթանում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի նկատմամբ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներ: