National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.05.2011
Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ամփոփվեց ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսով
1 / 4

Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համատեղ մամլո ասուլիսը:

Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարում ակտիվացել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան  փոխայցեր  եւ համոզմունք  հայտնեց, որ նման այցելությունները եւ մասնավորապես Եվրախորհրդարանի նախագահի այցը կնպաստեն մեր երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը: «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ԵՄ-ի հետ համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը գերակա ուղղություն է: Մենք համագործակցում ենք տարբեր ձեւաչափերում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Եժի Բուզեկը նկատեց, որ Հայաստանը եւ ԵՄ քաղաքացիները գտնվում են իրենց ընդհանուր տանը, որը Եվրոպան է: Նա նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի համար վճռորոշ, կարեւոր հարեւան է` հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Մենք միմյանց հետ գործընկերություն ենք ստեղծում` շնորհիվ Հայաստանի բաց լինելու: Ես գիտեմ, որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով է ընթանում: Դա Հայաստանի ընտրությունն է, ՀՀ նախագահի, ՀՀ խորհրդարանի, ՀՀ կառավարության, հայ ժողովրդի, թե ինչ ճանապարհով է երկիրը շարժվում: Սակայն ես կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք բարեկեցիկ կյանք մեր քաղաքացիների համար, լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը»,- նշեց Եվրոպական խորհրդարանի նախագահը: Եվրախորհրդարանի նախագահն ընդգծեց, որ գոհ է այն համագործակցությունից, որ առկա է Հայաստանի եւ ԵՄ խորհրդարանների միջեւ: Հայաստանն  ու Եվրամիությունը համագործակցում են բազում ուղղություններով: Հյուրը կարեւորեց Հայաստանի դիրքորոշման եւ գործունեության կայունությունը: «Մենք համագործակցում ենք, բաց ենք մեկս մյուսի առջեւ` ես ու Հայաստանի խորհրդարանի նախագահը»,- ասաց ԵԺի Բուզեկը:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Պատասխանելով ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հարցին` պարոն Բուզեկը նշեց, որ չնայած իրենք որպես միավոր չեն ճանաչում  Լեռնային Ղարաբաղը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ մարդկանց հիմնական կարիքների մասին, մարդիկ պետք է հաղորդակցվեն, ճամփորդեն, այլ ոչ թե լինեն պատերազմներ, սա ԵՄ քաղաքականությունն է: Ըստ Եվրախորհրդարանի նախագահի` եթե ցանկանում ենք, որ ապագայում համապարփակ լուծում գտնվի, պետք է հանրություններին նախապատրաստենք դրան, նաեւ` Լեռնային Ղարաբաղի: Պարոն Բուզեկի համոզմամբ` պետք է շարժվել խաղաղության գործընթացով:

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ԵԽ նախագահը նշեց, որ այս հարցը քննարկել է ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ, եւ Հայաստանի երկու ամենակարեւոր անձինք իրեն հավաստիացրել են, որ քննություն է տեղի ունենում եւ ամեն ջանք գործադրվում է, որ խնդիրը լուծվի:

Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայության մասին լրագրողի հարցին առաջինը պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահը: Նա շեշտեց, որ համաձայն չէ լրագրողի այն մտքի հետ, որ Հայաստանում կան «քաղբանտարկյալներ»: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի ազատման մասին խորհրդարանի նախագահի` ՀՀ Նախագահին ուղղված նամակին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա եղել է կոալիցիոն իր գործընկերների` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների առաջարկը: «Նամակը հղել եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, մենք զրուցել ենք, եւ Նախագահն ասել է, որ հարցը դիտարկվում է,  եւ ես հուսով եմ, (սա իմ անձնական կարծիքն է), որ առաջիկայում այդ հարցը դրական լուծում կստանա»,- նշեց ԱԺ նախագահը:

Եվրախորհրդարանի նախագահի համոզմամբ` վերջերս մի քանի հոգու ազատ արձակումը խոստումնալից որոշում էր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am