National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2011
ԱԺ հանձնաժողովներում ավարտվեցին բյուջեի հաշվետվության քննարկումները
1 / 4

2010 թ. բյուջեի հաշվետվությունը մայիսի 19-ին քննարկվեց խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արամ Սաֆարյանի եւ Արծվիկ Մինասյանի համանախագահությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաշվետու տարում նախատեսվել է հատկացնել շուրջ 130 մլն դրամ, որն արտաբյուջետային միջոցներով համալրվել եւ կազմել է 197 մլն դրամ` ծախսվելով գրեթե ամբողջությամբ: Այս մասին պատգամավորներին տեղեկացրեց ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` հավելելով, որ ծախսերի նշված ծավալը15 տոկոսով գերազանցում է 2009-ի համադրելի ցուցանիշը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ նախորդ տարի արտաբյուջետային միջոցներով 4 ծրագիր է իրականացվել: Միջին աշխատավարձը ՄԻՊ աշխատակազմում  2010 թ. կազմել է 99 հազար դրամ (2011 թ. այն ավելացել է եւ դարձել 160 հազար դրամ): Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սրծվիկ Մինասյանը որակյալ մասնագետների ներգրավման առումով կարեւոր համարեց աշխատավարձի բարձրացումը օմբուդսմենի աշխատակազմում, ինչպես նաեւ առաջարկեց  բյուջեի նախագիծը փորձաքննության ենթարկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Արամ Սաֆարյանը հետաքրքրվեց առանձին ոլորտներում` գենդերային, զինվորական, երեխաների հարցերով մարդու իրավունքների պաշտպան ունենալու հնարավորությամբ, ինչպես ընդունված է տարբեր երկրներում, եւ դրա ֆինանսական արժեքով: Կարեն Անդրեասյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցն առայժմ իր ներուժով է փորձելու  մարդու իրավունքների պաշտպանությունն առանձնացնել 11 ուղղություններով: Փոխարենը բյուջետային քննարկումների ժամանակ առաջարկելու է դիտարկել մարզային ներկայացուցչություններ ստեղծելու հնարավորությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովները համատեղ` Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի համանախագահությամբ, քննարկեցին 2010 թ. բյուջեով արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցները: Նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 9 մլրդ 335 մլն դրամ: Կատարողականն այս ոլորտում կազմում է շուրջ 100 տոկոս եւ 31 տոկոսով գարազանցում է 2009  թ. ոլորտի հատկացումները: Ծախսերն ավելացել են, Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, դեսպանութունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի հոդվածով:  Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը մանրամասնեց, որ 2010 թ. ընթացքում  յոթ նոր դեսպանատներ են բացվել:  ԱԳՆ աշխատակազմի պահպանման նպատակով ծախսվել է 156 մլն դրամ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպություններին անդամավճար տալու նպատակով բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Հայաստանն անդամակցում է 75 կազմակերպությունների եւ , փոխնախարարի փոխանցմամբ, քննարկվում է  որոշ կառույցների անդամակցելու նպատակահարմարությունը: Արտաքին գործերի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է 19 ծրագիր: 

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2010 թ. բյուջեի հաշտվետվությունը դիտարկվեց  եվրաինտեգրման տեսանկյունից: Նաիրա Զոհրաբյանի եւ Արծվիկ Մինասյանի համանախագահությամբ անցկացված նիստում Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ եվրաինտեգրման նպատակով բյուջեում առանձին հոդվածներ չեն սահմանվել, փոխարենը տարբեր մարմինների ծրագրերով միջոցառումներ են իրականացվել այդ ուղղությամբ: Հատկապես, որ եվրաինտեգրումը մեր երկրում հայտարարվել է որպես քաղաքական առաջնահերթություն: Հաշվետու տարում եվրոպական կառույցներից նախատեսվել է Հայաստանին տրամադրել 4,9 մլրդ դրամի վարկային եւ 5,9 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցներ: Այս գումարները ստացվել են մասնակիորեն` հիմնականում աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դրամաշնորհային միջոցների օգտագործումը  գնահատել ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ արդյունավետության տեսանկյունից: Տկն. Զոհրաբյանն առաջարկեց նաեւ վերանայել դեսպանություններին տրամադրվող ներկայացուցչական ծախսերը` նշելով, որ դրանք բավարար չեն: Եվրոպական կառույցներին անդամավճարները 2010 թ. կազմել են 326 հազար եվրո: Արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը օրենսդիրներին մանրամասներ հաղորդեց եվրաինտեգրման քաղաքականության վերաբերյալ` անդրադառնալով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված քայլերին: Բանախոսի բնորոշմամբ` նախորդ տարի ընդլայնվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները` Արեւելյան գործընկերության մեկնարկի եւ ասոսացման համաձայնագրի շուրջ բանակցությունների շնորհիվ: Մասնավորապես ձեւավորվել են համագործակցության երեք ենթակոմիտեր:  Հարցուպատասխանի ընթացքում փոխնախարարը պատգամավորներին մանրամասներ հաղորդեց ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի, եվրոպական երկրներ  մուտքի արտոնագրի դյուրացմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Խորհրդարանական հանձնաժողովներում 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներն ավարտվեցին: Ազգային ժողովի նախագահը կառաջարկի այն շարունակել լիագումար նիստում` ընդգրկելով հաշվետվությունը առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am