National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.05.2011
ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները Ազգային ժողովի նիստում
1 / 6

Մայիսի 23-ին  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին իններորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱԺ բաց դռների քաղաքականության շրջանակներում նիստին ներկա  Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցների  աշակերտներին:

Ազգային ժողովի պատգամավորները ավարտեցին նախորդ նիստում ընդհատված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որի մաս կազմող վերջին` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը քննարկվեց առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Խնդիրը կապված էր ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողով ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» օրինագծի կիրառման հետ: Առաջարկվում էր օրենսգրքի 35-րդ հոդվածը լրամշակել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործությամբ պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում եւս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Ազգային ժողովը վերը նշված երկու օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ նախորդ քառօրյա նիստում քննարկած օրինագծերը ընդունեց քվեարկությամբ:

ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված ՀՀ ընտրական օրենսգիրքը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում օրենսգիրքը լուրջ քննարկման շրջան է անցել,  մի շարք առաջարկների հաշվառումով ավելի է բարելավվել նախագիծը: Հեղինակների ուշադրության կենտրոնում է եղել ընտրական գործընթացում հնարավոր խախտումները   կանխարգելող միջոցառումների եւ հավասարակշռող մեխանիզմների հստակեցումն ու խստացումը: Նա անդրադարձավ օրենսգրքում տեղ գտած հավասար ընտրական իրավունքների, քվեարկության գաղտնիության, ընտրությունների հրապարակայնության, քաղաքական հավասարակշռության, ընտրացուցակների մատչելիության, հանրային վստահության, գենդերային հավասարության ապահովմանն ուղղված հոդվածներին, մանրամասնեց ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, ընրատեղամասերին, ընտրությունների ֆինանսավորմանը, ֆինանսական թափանցիկությանը, դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ-ների իրավունքների ընդլայնմանը, քվեարկության կարգին ու ամփոփմանը, թեկնածուի առաջադրմանն ու նախընտրական քարոզչությանն առնչվող մի շարք հարցեր, տեղեկացրեց, որ ամբողջովին կարգավորված են բողոքներին ընթացք տալու եւ վերահաշվարկի մեխանիզմները, որոնք նախկինում թերի էին: Պարոն Հարությունյանը անդրադարձավ նաեւ այլ օրենքներում կատարված անհրաժեշտ փոփոխություններին եւ պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորմանը, ընտրական խախտումների կանխարգելմանը, տեսաձայնագրման իրավունքին, ընտրացուցակների վավերականությանը, քարոզչական պաստառների չափերին ու տեղին, վստահված անձի իրավունքներին:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց Արա Սիմոնյանը: Անդրադառնալով կատարված փոփոխություններին` նա արձանագրեց, որ ընտրական այս օրենսգիրքը լավագույնն է մինչ այս եղած ընտրական օրենսգրքերից:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ օրենսգրքում աշխատանքների կազմակերպման առումով որեւէ առարկություն չկա, տարաձայնությունները հիմնականում վերաբերում են խախտումները կանխարգելելու մեխանիզմներին, որոնք, սակայն, իր կարծիքով` բավական արդյունավետ են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության առումով: Ըստ նրա` քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց, որ  արդար ընտրություններ անցկացնելու նպատակ ունի, լուծումները հավասարակշռված են եւ ուղղված են մտահոգությունների փարատմանը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը: Նրա գնահատմամբ` եթե Ընտրական օրենսգիրքն ընդունվի այս տեսքով, ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունը չի վերականգնվի եւ իշխանության  փոփոխության հնարավորություն էլ չի ստեղծվի: Ըստ բանախոսի` ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրությունններ:  Այս գիտակցումով էր, որ ՀՅԴ խմբակցությունը չորս հիմնական առաջարկներ էր ներկայացրել, որոնք չեն ընդունվել օրինագծի հեղինակների կողմից:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը` Գալուստ Սահակյանը նկատեց, որ իրենց կուսակցությունը պատասխանատվության գիտակցումով է ընտրել իր անցնելիք ճանապարհը. դա վերաբերում է նաեւ նոր ընտրական օրենսգրքին, որը մինչ այս էլ մի քանի անգամ փոփոխություններ է կրել, բայց ակնհայտ է, որ վերջին տարբերակում առավելագույնն է արված: Քաղաքական մեծամասնությունը բազմիցս քննարկել եւ հաշվի է առել բոլոր առաջարկները: Ընդդիմախոսների կողմից քննադատություններ միշտ էլ կարող են լինել, բայց պետք չէ շահարկել քաղաքական կամքի գործոնը. պետք է պարզապես ազնիվ լինել եւ փորձել լավը տեսնել: Պարոն Սահակյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը Ընտրական օրենսգրքին կողմ է քվեարկելու:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am