Ի պատասխան «Իրատես դե ֆակտո» թերթի հուլիսի 8-ի համարում տպագրված «Խառն ենք» հրապարակման` տեղեկացնում ենք, որ հոդվածի հեղինակը, երեւակայության ավելցուկից գլուխը կորցրած, շփոթել է 2010 եւ 2011 թվականները: Հետեւաբար եւ` հանրապետության Նախագահի ծննդյան օրվա առթիվ 2010 թվականի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը ընկալել է մեկ տարի ուշացումով: Տեղեկացնում ենք, որ այս տարի եւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 57 -ամյակի կապակցությամբ, ուղերձի տեքստն ուղարկվել է հանրապետության Նախագահին:
Շնորհակալություն հայտնելով «Իրատես դե ֆակտո»-ի հոդվածագրին ԱԺ պաշտոնական կայքը մանրամասն եւ առավոտից մինչ կեսգիշեր ուսումնասիրելու համար, միաժամանակ խորհուրդ ենք տալիս, որ ավելի օգտակար է ձուն ուտելը, քան նրա մեջ մազ փնտրելը, ինչով պարբերաբար զբաղվում է նա: