Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Նա անհրաժեշտ համարեց Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ուղիղ կապերի, միջհամայնքային, միջշրջանային համագործակցության ակտիվացումը եւ այդ համատեքստում կարեւորեց Երեւանի եւ Լիոնի միջեւ գործակցության զարգացումը` շեշտելով , որ մեծ է Լիոն քաղաքի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերություններում, ինչպես նաեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում: Նա կարեւորեց նաեւ Լիոնի դերը 2010թ-ին Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման գործում, որին մասնակցեցին մոտ 3 տասնյակ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտեց Ֆրանսիայի իշխանություններին ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար :
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը նշեց, որ այցի նպատակն է առավել ամրապնդել Լիոն-Երեւան փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հին են ու ջերմ եւ սկիզբ են առել դեռեւս 1915թ.-ից, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը հաստատվել են Լիոնի շրջակայքում: Այդ ժամանակից ի վեր Լիոնի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայ դատի, հայ ժողովրդի մշակույթի եւ պատմության նկատմամբ: Պարոն Կոլոմբը խորհրդարանի նախագահին ներկայացրեց երկու քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ բնագավառները:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ներքաղաքական հարցերին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: