Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչի վկայությունն են նաեւ վերջին շրջանում հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները: Իսկ ԵՄ-ի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար գերակա ուղղություններից է:
Քրիստիան Վիգենինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փաստեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր դինամիկա է նկատվում: Նա արձանագրեց, որ Հայաստանում իսկապես տեղի են ունենում բարեփոխումներ, որոնցից կշահեն եւ Հայաստանը, եւ ՀՀ -ԵՄ հարաբերությունները: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահը բարձր գնահատեց այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ հիմնադիր նիստին, ինչպես նաեւ կարեւորեց Հայաստանի մասնակցությունը համագործակցությանը եւ խորհրդարանի, եւ կառավարության, եւ փորձագետների մակարդակով` ընդգծելով հայ պատգամավորների ակտիվ աշխատանքը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց «Եվրանեսթ»-ի աշխատանքները, նշելով, որ Հայաստանն առաջիններից է ողջունել նրա ստեղծումը եւ ակտիվ մասնակցություն ունեցել դրանում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ «Եվրանեսթ»-ը չպետք է դիտվի որպես հակամարտությունների քննարկման հարթակ, այլ պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար ստեղծվել է:
Քրիստիան Վիգենինը նշեց, որ «Եվրանեսթ»-ում բոլորը հավասար գործընկերներ են, հավասար պատասխանատվություն ունեն կառույցի աշխատանքների համար, եւ պետք է ուշադրությունը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք միավորում են «Եվրանեսթ»-ի մասնակիցներին: Նրա խոսքով` որպես «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ, ինքն ամեն ինչ կանի, որ չքննարկվեն թեմաներ, որոնք չեն կարող իրենց լուծումը գտնել կառույցի շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններին: Պարոն Վիգենինը` ողջունելով դիտորդներ հրավիրելու հայկական կողմի մտադրությունը, առաջարկեց, որ դիտորդներ հրավիրվեն նաեւ Եվրախորհրդարանից: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց, որ ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ նույնպես կարեւորեց դիտորդների ներկայությունը: ԱԺ նախագահը նշեց, որ առաջին անգամ ընտրություններից մեկ տարի առաջ, խորհրդարանի նախաձեռնությամբ ընդունվել է միջազգային փորձաքննություն անցած Ընտրական օրենսգիրք, ինչը նույնպես կնպաստի ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելուն: ԱԺ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ինքը ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը եւ զուտ ընտրարշավի ու ընտրական գործընթացների վրա կենտրոնանալու նպատակով սեփական նախաձեռնությամբ հրաժարական է ներկայացնելու խորհրդարանի նախագահի պաշտոնից:
Քրիստիան Վիգենինը չափազանց բարձր գնահատեց այդ փաստը, որ Հովիկ Աբրահամյանը ղեկավարելու է նախընտրական շտաբը եւ այդ կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերությանը, դրա շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրին եւ մի շարք այլ հարցերի: