Նոյեմբերի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ:
Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Կողմերը զրուցեցին այն խնդիրների մասին, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանի եվրաինտեգրման առավել արդյունավետ իրականացմանը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրներին: Այնուհետեւ հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի քանի խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաեւ լրամշակված Ընտրական Օրենսգրքին: Հանձնաժողովի նախագահը կրկին կարեւորեց միջազգային դիտորդական առաքելությունների ակտիվ եւ անաչառ ներկայությունը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:
Տիկին Զոհրաբյանը, անդրադառնալով Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին, նշեց, որ, ցավոք սրտի, այդ հարաբերություններում լրջագույն գործոն է «British petrolium»-ը եւ նշեց՝ ինքը հասկանում է, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված: Այնուհետեւ տիկին Զոհրաբյանը ներկայացրեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունների հարաբերությունները` նշելով, որ ցավոք սրտի այդ համագործակցությունը արդյունավետ չէ եւ հյուրին տրամադրեց «Գարդիան» հայտնի պարբերականում վերջերս տպագրված եւ մեծ աղմուկ հանած հոդվածը, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Մարկ Ֆիլդը մեծ գումարների դիմաց հստակ լոբբիստական գործունեություն իրականացրել Ադրբեջանի օգտին։ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ցավոք սրտի դա եզակի դեպք չէ եւ մատնանշեց ԵԽԽՎ-ում առկա նման դեպքերը` մասնավորապես նշելով Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Մայք Հենքոքին։ Հանձնաժողովի նախագահն ասաց, թե ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ այդ պատգամավորը եւս ուղղակիորեն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանի բացահայտ քարոզչությունն է տանում Եվրոպայի խորհրդում: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը այսուհետ շատ ավելի հետեւողական կլինեն նման դեպքերը բացահայտելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար:
Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների: