Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանի եւ ԵԽ անդամ Արմենակ Հարությունյանի մամլո ասուլիսը:
«Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հունվարի 22-28-ը գտնվել են Ստրասբուրգում եւ մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին զուգընթաց տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների եւ երիտասարդ առաջնորդների սեմինար-ֆորումին: Սեմինարի հիմնական նպատակը ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդարանների ներկայացուցիչների համատեղ հավաքն էր, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում վարվող երիտասարդական քաղաքականությանն առնչվող հարցեր: Երիտասարդները ծանոթացել են միմյանց փորձին, առկա խնդիրներին, հանդես եկել նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով: Մասնավորապես որոշվել է ստեղծել ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով: Արդեն ձեւավորվել է կոորդինացիոն խումբ, որի ներկայացուցիչները ԱՊՀ հինգ երկրներից են` ներառյալ Հայաստանը:
Կազմվել է ժամանակացույց. նախատեսվում է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովն իր առաջին նիստը կանցկացնի առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Երիտասարդ խորհրդարանականներ Կառլեն Խաչատրյանը եւ Արմենակ Հարությունյանը նաեւ հանդիպել են ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով ցանկություն է հայտնել աջակցել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման գործին:
Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: