Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փետրվարի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ հաղորդեց Բրյուսելում տեղի ունեցած նիստերի ու քննարկումների մասին:
Այդ օրերին տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերը: Չորրորդ` սոցիալական, մշակութային եւ կրթական հարցերի հանձնաժողովի նիստը կայանալու է Երեւանում` երեք շաբաթ հետո: Վահան Հովհաննիսյանի խոսքերով` սա կլինի «Եվրանեսթի» առաջին արտագնա նիստը. մինչ հիմա բոլոր միջոցառումներն անց են կացվել Եվրամիության սահմաններում: Պրն. Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց թե հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքից, եւ թե ԵՄ խորհրդատվական խմբի արդյունավետ գործունեությունից:
Բրյուսելում քննարկումներ են ընթացել նաեւ «Եվրանեսթի» կանոնակարգի բարեփոխման վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` հայկական պատվիրակության վրա մեծ ճնշում կա, այն լինելու է շարունակական եւ դրան պետք է պատրաստ լինեն հաջորդ պատվիրակությունները:
Տնտեսական հանձնաժողովում Ադրբեջանը Հայաստանի տնտեսական դժվարությունները փորձել է հիմնավորել ղարաբաղյան հակամարտության եւ Ադրբեջանի հետ փակ սահմանի հանգամանքով: Պրն. Հովհաննիսյանը նկատել է, որ տարածաշրջանային երեք պետություններում կենսամակարդակը գրեթե նույնն է` չնայած հարեւան երկրների` նավթ ու ծով ունենալու փաստին: Պատգամավորը կարեւոր հաստատում համարեց քաղաքական հարցերի հանձնաժողովում հնչած եւ ադրբեջանին ուղղված այն միտքը, որ էներգետիկ նշանակության հարցերը սկսում են գերակշռել արժեքային հարցերին: Պրն. Հովհաննիսյանը ներկայացրեց ժողովրդավարության վիճակի գնահատականները` տրված Հայաստանին ու Ադրբեջանին: Հայաստանի համար նշվել է, որ ժողովրդավարությունը դանդաղ է զարգանում, դեռ զգալի է կոռուցիայի մակարդակը: Ադրբեջանի պարագայում չեն խոսել առանձին խնդիրների մասին, քանի որ այնտեղ «մարդու իրավունքների հիմքերն են խարխլված ընդհանրապես»: Քաղակաքան հանձնաժողովի նիստին հրավիրվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատասխանատուն, ով հաստատել է դիտորդական առաքելության ներկայացվածությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Որոշվել է, որ Եվրախորհդարանի, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերը կգործեն ընդհանուր թիմի գաղափարով: Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քննարկումների առիթով նշվել է, որ տվյալ երկրի որոշելիքն է` որ ընտրակարգով առաջնորդվել: Այդուհանդերձ հնչել է, պրն. Հովհաննիսյանի բնորոշմամբ, մեկ կարեւոր միտք այն մասին, որ. առաջնահերթ է կուսակցությունների ազատ մրցակցության հնարավորությունը:
Հանձնաժողովի նիստերից բացի, պատվիրակությունը մասնակցել է նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի նախնական զեկույցները: Կրկին համեմատության մեջ` պրն. Հովհաննիսյանը նշեց` Հայաստանին վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրել է պատգամավոր Թոմաշ Պորեբան, դրական ուրվագծեր է ունեցել, ինչը չի կարելի ասել Յա Տեմյակիի պատրաստած` Ադրբեջանի զեկույցի մասին: Սա առաջացրել է պրոադրբեջանական լոբբիստների զայրույթը: Նրանք մասնավորապես դժգոհել են Հայաստանի իրավական համակարգից, ինչպես նաեւ մատնացույց արել Ռուսաստանի դաշնակիցը լինելու հանգամանքը, հնչեցրել ակնհայտ հակահայկական ելույթներ: «Եվրանեսթում» նաեւ եղել են հօգուտ Հայաստանի ելույթեր, մասնավորապես հանձնաժողովի եզրակացության տեքսում ղարաբաղյան հակամարտությունը ներառելու` ադրբեջանական կողմի առաջարկը դիմադրության է արժանացել եւ մերժվել: Վահան Հովհաննիսյանը կարեւոր համարեց Եվրախորհրդարանի պատգամավորների այն հիմնավորումները, որ Եվրախոհրդարանն այդ հարցին չպետք է միջամտի:
Վահան Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերի: