National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
06.02.2012
Մեկնարկեց ՀՀ ԱԺ 11-րդ նստաշրջանը
1 / 11

Փետրվարի 6-ին մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Պետական հիմնի հնչյունների ներքո` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել  Նիկոյանն ազդարարեց այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի բացումը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորների անունից ողջունեց նաեւ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում ԱԺ նիստին ներկա` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին:

Խորհրդարանի ղեկավարը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց նախ նստաշրջանի, ապա եւ քառօրյա նիստերի օրակարգերի  նախագծերը, ինչպես նաեւ մի շարք որոշման նախագծեր հետաձգումների եւ հատուկ կարգերի վերաբերյալ: Պատգամավորները, օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ, հաստատեցին ներկայացված երկու օրակարգերը: Նստաշրջանի օրակարգին դեմ քվեարկեց «Ժառանգություն» խմբակցությունը` հիմնավորելով այդ քայլը օրակարգում գտնվող` հայ-թուրքական արձանագրություններով: Քառօրյա նիստերի օրակարգի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մտահոգություն հայտնեց, որ երկար ժամանակ է` օրակարգում է եւ չի քննարկվում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» իր հեղինակած նախագիծը:  ԱԺ նախագահն իր պատասխանում կիսեց Ադրբեջանի կողմից փաստերը նենգափոխելու վերաբերյալ մտահոգությունը եւ նշեց, որ դրա դեմ պայքարելու համար բավարար չէ միայն հայտարարությունը, անհրաժեշտ են համակարգված եւ ճիշտ պահին արված  քայլեր:

Խորհրդարանը, ԱԺ Կանոնակարգի սահմանած կարգով, նստաշրջանի մեկնարկին անդրադարձավ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը: Որոշվեց վերահաստատել նախորդ նստաշրջանում հաստատված կազմը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ նստաշրջանում քննարկված եւ դեռ քվեարկության չդրված օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած` «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը` հարակից փաթեթով, չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ու փոխնախագահ էդուարդ Շարմազանովը մերժված նախագծի վերաբերյալ նկատեցին, որ այն կոչված էր սահմանափակելու կանխիկ մեծ գումարների շրջանառությունը` դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիոն  ռիսկերն ու ստվերային շրջանառությունը: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղաժամկետ է համարում բանկերի կողմից այդօրինակ ծառայություններ մատուցելը, ինչով պայմանավորված էլ չեն քվեարկել  նախագծի ընդունման օգտին:

Պատգամավորները շարունակեցին նախորդ նիստում անավարտ մնացած` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թ. գործունեության ծրագրի քննարկումը: Հարակից ելույթում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` ասելով, որ ծրագիրը համապատասխանում է  օրենքին եւ նախատեսված գործառույթներին:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց սակագներին վերաբերող հարցերի: Նա նշեց, 2012 թ.-ին գազի սակագները չեն փոխվելու:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչած որոշ կարծիքների եւ պարզաբանումներ տվեց: Նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան ներկրվող գազի կալորիականության անորակության վերաբերյալ քննադատությանը` պարզաբանելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստան մուտք գործած գազի կալորիականությունը կազմել է 8000-8300, սահմանված 7900-ի փոխարեն:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ առաջարկներ կամ դիտողություններ չեն ստացվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների  միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որի վերաբերյալ  առաջարկներ չէին կատարվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Գալուստ Սահակյանի հեղինակած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրինագիծը: Համահեղինակ Կարինե Աճեմյանը նշեց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին»  օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերում են տարեկան երկու անգամ կատարվող ժամային  փոփոխություններին: Ըստ Կարինե Աճեմյանի` նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի եւ արհեստականորեն  անցում չի կատարվի ամառային ժամանակի,  ինչն էլ դրական կանդրադառնա  մարդկանց առողջության վրա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության կարծիքը դրական է, եւ նպատակահարմար է համարում անցումը երրորդ ժամային գոտի:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ այնուհետեւ քննարկվեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի  հեղինակած «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ` նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն վերացնել ՀՀ այլ օրենքների հետ  հնարավոր հակասությունները եւ հնարավորություն ընձեռել, որպեսզի համայնքային ծառայողները եւս կարողանան ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց հանձնաժողովի ձեւավորած դրական եզրակացությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել  ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությանը վերաբերող դրույթները եւ ստեղծել ոստիկանության ծառայողների  նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտական գործող հանձնաժողով: Նախատեսվում է նաեւ ոստիկանության  կենտրոնական ապարատի ծառայողական քննություն իրականացնելու  հիմնական իրավասություն  ունեցող ստորաբաժանմանը ծառայողական  քննություն կատարելու ցուցում տալու իրավունք վերապահել ոստիկանության պետի տեղակալներին` իրենց սպասարկման  ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով / բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ/:  Նախատեսվում է ծառայողական քննության արդյունքների բողոքարկումն իրականացնել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` նշելով, որ հիմնականում այն նախատեսում է ուժը կորցրած ճանաչել ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությանը վերաբերող դրույթները եւ ստեղծել  ծառայողական քննություն իրականացնող մշտական գործող հանձնաժողով:

ՀՀ ոստկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց նաեւ «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով կարգավորվում են որպես պարգեւ տրված զենքի նվիրատվությանն ու ժառանգմանը վերաբերող հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվում է, որ որպես պարգեւ տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ միայն մալելուց հետո, իսկ առանց մալելու տրվում է, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն եւ կարող է ապահովել զենքի անվտանգ պահպանության` օրենսդրությամբ սահմանված պայմանները:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  տեսակետը օրինագծի վերաբերյալ դրական էր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նրա գնահատմամբ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, օրենքով սահմանված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը ամբողջությամբ չեն արտացոլում առկա վիճակը: Կան դեպքեր, երբ կենսաթոշակառուն դիմում է իր կենսաթոշակը դադարեցնելու համար (անհրաժեշտ է լինում այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու համար), սակայն մերժվում է, քանի որ օրենքը չի նախատեսում անձի դիմումի հիման վրա կենսաթոշակի դադարեցման հնարավորություն:

Տեղեկատվական բազայում հաշվառված են կենսաթոշակառուներ, ում կենսաթոշակ է նշանակվել խորհրդային նմուշի անձնագրի հիման վրա եւ որպես ՀՀ քաղաքացիներ` նույնականացված չեն: Սակայն, գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս նրանց հանել հաշվառումից:

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ օրենքով ամբողջական կարգավորել կենսաթոշակը նշանակելը, հաշվարկելը, վերահաշվարկելը, վճարելը կարգավորող առանձին դրույթներ:

Գործող օրենսդրության շրջանակներում մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին նշանակվում եւ վճարվում է մեկ կենսաթոշակ: Այն փոխկապակցված է կենսաթոշակի չափի հաշվարկման կարգին, որի համաձայն` մահացածի ենթադրյալ կենսաթոշակի աշխատանքային մասից հաշվարկվող գումարի չափը կախված է շահառուների թվից: Վերոնշյալ մոտեցումը չի ապահովում կենսաթոշակը անձամբ կենսաթոշակառուին կամ նրա օրինական ներկայացուցչին վճարելու դրույթը:

Չնայած օրենքի դրույթներից է բխում, սակայն ուղղակիորեն ամրագրված չէ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պահանջը` կենսաթոշակի վճարումը վերսկսելու եւ կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ վճարելու առանձին դեպքերում:

Ներկայացվող նախագծով hստակեցվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու հիմքերը, որը հնարավորություն կտա կենսաթոշակառուների հաշվառման նոր ձեւավորված տեղեկատվական համակարգով իրականացնել հստակեցնել հաշվառում, ինչպես նաեւ լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած` օրենսդրական լուծումներ պահանջող մի շարք խնդիրների:

Գլխադասային` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց հստակեցնել երկքաղաքացիներին թոշակ տալու կարգը: Ըստ պարոն Հակոբյանի` ՀՀ-ում չապրող երկքաղաքացին չպետք է ստանա կենսաթոշակ, իսկ մեկ տարուց ավելի հանրապետությունից բացակայող քաղաքաքացիներին թոշակ տալու կարգը պետք է խստացնել: 
  
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով, ըստ բանախոսի,  մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենսդրության պահանջներին: Մասնավորապես ապահովվում է ազատազրկման դատապարտված անձանց զինվորական հաշվառման իրականացումը, հստակեցվում են ռազմաուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված անձանց զորակոչման եւ հետագա ծառայությունը շարունակելու ուղարկելու կարգը, բնակության վայրին մոտ զորամասում ծառայելու արտոնություն ունեցող քաղաքացիների շրջանակը, ՀՀ կրթական համակարգի` հանրակրթական դպրոցներում 12-ամյա ուսուցման եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու եւ դրանց ընդունելությանը մասնակցելու ժամկետները հաշվի առնելով` փոփոխվում է զորակոչի եւ զորացրման հայտարարման կարգը, փոխվում է բնակության վայրին մոտ գտնվող զորամասի տեղակայման հեռավորությունը: Նախագծով հստակեցվում է նաեւ զորակոչի, ինչպես նաեւ պարտադիր զինծառայության ընթացքում առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու դեպքում պահեստազորում հաշվառվելու եւ պահեստազորում հաշվառվելուց հետո բժշկական վերափորձաքննության կարգը, զորակոչիկներին ուսման կապակցությամբ եւ ընտանեկան դրության բերումով տարկետումների տրամադրման գործառույթը վերապահվում է տեղական զորակոչային հանձնաժողովներին, կարգավորվում են զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձանց կողմից պատժի կրումից ազատվելուց հետո հետագա ծառայությունը շարունակելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների եւ զորավարժությունների հայտարարման հետ կապված հարաբերությունները: 
  
ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի  նախագծով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` այն գնահատելով որպես ոլորտի բարեփոխումներին ուղղված  կարեւոր քայլ: 
  
ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված  «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 
  
Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 7-ին:


06.02.2012
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ ներկայացուցիչները
Ազգային ժողովի  «Բաց դաս» ծրագրի շրջանակներում  փետրվարի 6-ին խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ մի խումբ ուսանողներ ասպիրանտներ, մագիստրոսներ եւ դասախոսներ: Նրանք նախ  ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար  նիստին, այնուհետեւ հանդիպեցին Ազգային ժողովի նախագահի հետ:  Փետրվարի 6-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am