Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում փետրվարի 6-ին խորհրդարան էին այցելել ՀՊՃՀ մի խումբ ուսանողներ ասպիրանտներ, մագիստրոսներ եւ դասախոսներ:
Նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար նիստին, այնուհետեւ հանդիպեցին Ազգային ժողովի նախագահի հետ: Փետրվարի 6-ին լրացավ Սամվել Նիկոյանի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու երկու ամիսը, ինչի առթիվ հանդիպման մասնակիցները շնորհավորեցին նրան, իսկ անմիջական զրույցի ընթացքում ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը:
Մինչ այդ Ազգային ժողովի նախագահը «Բաց դաս»-ի մասնակիցներին հակիրճ ծանոթացրեց խորհրդարանի գործունեությանն ու գործառույթներին` օրվա նիստի օրինակով անդրադառնալով օրենսդրական աշխատանքին: Ինչ վերաբերում է «Բաց դաս» ծրագրին, ԱԺ նախագահի խոսքերով, դրա նպատակը ոչ միայն ուսանողներին, դպրոցականներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելն է եւ օրենսդիր բարձրագույն մարմնի ղեկավարության ու ներկայացուցիչների հետ անմիջական շփման հնարավորությունը, այլեւ հարցուպատասխանի, անմիջական զրույցների միջոցով ծրագրի մասնակիցների համար հրապարակային գործունեության, հաղորդակցության փորձ ձեռք բերելու ասպարեզ ստեղծելը:
Սամվել Նիկոյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին եւ անձամբ ԱԺ նախագահին ու նրա քաղաքական գործունեությանը, եւ խորհրդարանում քննարկվող օրինագծերին, եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների: