«Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 7-ին հանդիպեց Հյուսիսային համալսարանի Ալավերդու եւ Արթիկի բաժանմունքների ուսանողների հետ:
ԱԺ նախագահը համալսարանականներին պատմեց խորհրդարանի հիմնական` օրենսդրական եւ վերահսկողական գործառույթների մասին, ներկայացրեց իշխանության երեք թեւերի միջեւ գործող հավասարակշռումների եւ զսպումերի` Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմները: ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ հասարակական կարծիքները բախվեն հենց խորհրդարանում եւ ոչ թե հրապարակներում կամ փողոցներում, ինչը եւ պառլամենտարիզմի էությունն է: Սամվել Նիկոյանը ուսանողներին հրավիրեց անմիջական զրույցի` համարելով այն հարցուպատասխանի հմտություն ձեռքբերելու լավ հնարավորություն: Համալսարանի ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմազան էին, այդ թվում` բարձրագույն կրթությանն առնչվող առանձին խնդիրներ: ԱԺ նախագահը նկատեց, որ պետությունը ֆինանսավորում է այն մասնագիտություններն ու այն չափով, ինչպիսի պահանաջարկ ունի: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կրթությունը եւս մրցակցություն է եւ, որ կրթության որակն է հիմնական չափանիշը:
Զրույցին միացավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եւս բարձրացված հարցերը քննարկելու եւ կառուցողական լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով դրա համար առկա քաղաքական կամքը եւ տարածքների համաչափ զարգացման կարեւորությունը: Նա ուսանողներին կոչ արեց լինել նախաձեռնող, նպատակասլաց, իրեց նպաստը բերելով երկրի ապագայի կերտման գործում:
Մինչ ԱԺ ղեկավարության հետ հանդիպումը, ուսանողները ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար նիստին:
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի սաներն արդեն երրորդ անգամ էին այցելում խորհրդարան: Ուսանողների գնահատմամբ` այցը խիստ օգտակար է օրենսդիր մարմնի գործունեությունը պատկերացնելու համար: