Փետրվարի 8-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի հյուրերն էին Կրթության Միջազգային Ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Ուսանողները նախ շնորհավորեցին Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետեւ երկուստեք ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ զրույց: Ուսանողներին հետաքրքրող հարցերը հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտի բարեփոխումներին` մասնավորապես Բոլոնիայի կրթական համակարգին անցնելուն, խորհրդարանական ընտրություններից հետո երիտասարդական խորհրդարանի շարունակականությանը, երիտասարդների զբաղվածության հարցին եւ այլն:
ԱԺ փոխնախագահը վերոնշյալ հարցադրումներին տվեց սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, ըստ պարոն Շարմազանովի ` կրթական ոլորտում յուրաքանչյուր բափեփոխում պետք է ուղղված լինի կրթության որակի բարելավմանը, բարձրակարգ գիտելիքներ ստանալու, մրցունակ մասնագետներ պատրաստելու հնարավորությունների ստեղծմանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ Բոլոնիայի գործընթացի արդյունքում հայ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակել արտասահմանում:
Ողջունելով երիտասարդական խորհրդարանի գաղափարը, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այն լավ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինքնադրսեւորվելու համար:
Կարեւորելով ուսանողների հետ նման հանդիպումները` Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ պատրաստ է պարբերաբար հանդիպել նրանց հետ: