National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
14.02.2012
Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում
1 / 3

Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Արեւելյան գործընկերության  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  եւ ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ հատկապես խորհրդարանական ձեւաչափում համագործակցության հնարավորությունը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով: Բանախոսը տեղեկացրեց կառույցի առաջիկա աշխատանքների մասին` նշելով, որ մեկ շաբաթից Երեւանում կկայանա  «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:

Պրն. Գումինսկին, ի դեմս հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն հայտնեց Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք հայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդես գալու` հավասար գործընկերային հիմունքներով: Նա  նշեց, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ խիստ ակտիվ է,  խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:

Զրուցակիցները, ի թիվս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրների, անդրադարձան նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցեց նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:
 
 

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը  նույն օրն  ընդունեց  Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին  շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց տարբեր  միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում հայ եւ բելառուս գործընկերների փոխշահավետ համագործակցությունը եւ տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերված դիրքորոշումները: Նա հույս հայտնեց, որ երկու երկրների պատվիրակությունների միջեւ առկա  փոխշահավետ  հարաբերություններն  էլ ավելի կզարգանան եւ կլինեն շարունակական: 
  
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ  Սաֆարյանը ողջունելով հյուրերին` պարզ եւ թափանցիկ գնահատեց  տարբեր միջազգային կառույցներում հայկական  եւ բելառուսական պատվիրակությունների համագործակցությունն ու դիրքորոշումները, նկատելով, որ դրանց հիմքում  ազնվությունն է: Պարոն Սաֆարյանի խոսքով` հայ եւ բելառուս գործընկերներն  արդյունավետ համագործակցում են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ , այլեւ ՀԱՊԿ շրջանակներում եւ կարծում է, որ այն անհրաժեշտ է շարունակել:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին  միջազգային կառույցներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն անդրադարձավ    առաջիկա  մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության կողմից առաջարկեց դիտորդական առաքելություն իրականացնել: Նա  շեշտեց, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ իրականացնելու հարցում շահագրգիռ են ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին հաջողություններ  եւ նոր ձեռքբերումներ մաղթեց կայանալիք ընտրություններում: 
  

Նույն օրը Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակության հետ հանդիպեց նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը բարձրացրեց միջազգային կառույցներում Բելառուսի խնդրին առնչվող հարցեր` ակնկալելով հայկական պատվիրակությունների  աջակցությունը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով միջազգային կառույցներում հետսովետական որոշ երկրների հանդեպ ձեւավորված վերաբերմունքին, նշեց, որ իր համար անընդունելի է այդ  կառույցներում երկակի ստանդարտների կիրառումը` արձանագրելով, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին օրինակ Եվրոպայի խորհուրդն է, ակնհայտորեն կիրառում են երկակի ստանդարտներ: Նշելով, որ  Բելառուսում կան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ` տիկին Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության եւ ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված շատ ավելի լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդեպ ԵԽԽՎ-ն բավականաչափ լոյալ է։ Իսկ Ադրբեջանում առկա ժողովրդավարության խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարությունը գնել նավթով»:

Կողմերն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քանի որ տիկին Զոհրաբյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, հյուրերը շնորհակալություն հայտնեցին նրան` «Եվրանեսթ» ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am