Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա նիստի աշխատանքները փետրվարի 23-ին հանձնաժողովի համանախագահներն ամփոփեցին մամուլի ասուլիսում:
Արտակ Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց նիստում քննարկված երկու զեկույցների մասին` նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման ու աղքատության կրճատման հիմնախնդիրներին: Առաջին զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին` ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում ընդունելու ակնկալիքով: Արտակ Զաքարյանի գնահատմամբ` այդ զեկույցը խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության հետ համագործակցելու ճանապարհին: Սոցիալական նշանակության` աղքատության դեմ պայքարին վերաբերող հաջորդ զեկույցը նախնական էր, այն դեռ քննարկման լրացուցիչ փուլեր անցնելու կարիք ունի: Արտակ Զաքարյանը նկատեց, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ցուցանիշը բարձր էր, ներկա էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Այս հանձնաժողովը, համանախագահի ներկայացմամբ, Եվրանեսթի ԽՎ-ում միակն է, որտեղ հնարավոր է լինում փոխհամաձայնության գալ եւ միասնական որոշումներ ընդունել:
Հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն լրագրողներին ասաց, որ գոհ է առաջին անգամ կազմակերպած արտագնա նիստի աշխատանքների արդյունքներից: Տկն. Անդրիկիենեն երկօրյա քննարկումները գնահատեց արգասաբեր եւ որպես առանձնահատկություն նշեց ծավալված բաց բանավեճը, որն էլ ավելի հետաքրքիր դարձավ հայկական պլատֆորմի եւ երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ԵՄ-ի, միջազգային առաքելությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մարդու իրավունքներին, կրթության եւ հեռուստատեսության օժանդակությանը, մարդկանց տեղաշարժի ազատությանը վերաբերող հարցեր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ուշագրավ համարեց, որ կանանց դերի բարձրացմանը նվիրված քննարկումն ամենաթեժն ու աշխույժը ստացվեց:
Համանախագահները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Հակամարտությունների կարգավորման մեջ Եվրանեսթի ԽՎ-ն ներգրավելու հնարավորության առնչությամբ Արտակ Զաքարյանը նկատեց` հարցը քննարկվել է դեռեւս վեհաժողովի կանոնադրությունը մշակելիս, եւ հայկական կողմը պնդել է ձեւակերպումներում խուսափել անդրադառնալ հակամարտությունների կարգավորումներին: Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ համակարտությունների կարգավորումն ու մասնավորապես ԼՂ հարցը դուրս են Եվրանեսթի գործունեության շրջանակներից: Լիտվացի համանախագահի կարծիքով` խորհրդարանն այն միջավայրն է, որտեղ հնարավոր է ու պետք է փոխհամաձայնության գալ, սակայն ոչ լուծումներ գտնել: Չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ նույնպես համագործակցելու մասին հարցին ի պատասխան տկն. Անդրիկիենեն խոստացավ տեղեկություններ փոխանցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներից հետո:
Պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը ցանկություն ունի մասնակցելու Բաքվում կայանալիք լիագումար նիստի աշխատանքին:
Վերջում տկն. Անդրիկիենեն ասաց, որ գոհ է ոչ միայն երեւանյան նիստի աշխատանքների արդյունքներից, այլ նաեւ տպավորված մեր երկրի գեղեցկությունից: