National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.02.2012
ԱԺ քառօրյայում
1 / 8

Ազգային ժողովը փետրվարի 27-ին սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը:

 ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պատգամավորներին ներկայացրեց տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին, ինչպես նաեւ` հետաձգումների ու հատուկ կարգերի մասին որոշումների նախագծերը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին օրակարգերի` կանոնակարգով նախատեսված մասերը, բացառություն կազմեց «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորների առաջարկը Աժ  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման գործընթացի եւ Սյունիքի որոշ համայնքներում հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին կառավարության որոշման օրինականությունը: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունն ընտրական օրենսգիրքը փոփոխելու մասին, թեեւ գլխադասային հանձնաժողովում չի ստացել դրական եզրակացություն, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգում եւ կքննարվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, խորհրդարանի նախագահը օրենսդիր մարմնի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Աժ նիստերին ներկա` Գյումրիի Վազգեն Առաջինի անվան միջնակարգ դպրոցի սաներին ու ուսուցիչներին: ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 17-ին ստացել է պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի դիմումը` մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը հետ վերցնելու մասին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված  մեկ տասնյակից ավելի օրակարգային հարցեր եւ չորս միջազգային պայմանագիր:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատգամավորների գնահատմանն ու առաջին ընթերցմամբ ընդունմանը ներկայացրեց  «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին»   օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հաշվի առնելով հողի հարկի եւ գույքահարկի  ապառքների ու տուգանքների մարման  անհուսալիությունը` կառավարությունն առաջարկում է այս հարկատեսակների գծով որոշ արտոնություններ սահմանել: Մասնավորապես այս հարկերի վճարումից կազատվեն  մինչեւ 2008 թ. կուտակված պարտքերն ու տուգանքները: 2008-2010 թթ.-ի պարտքերը վճարելու դեպքում` մինչեւ 2012 թ. ավարտը, բնակիչները կազատվեն տույժերից ու տուգանքներից` եթե դրանք չեն գերազանցում անշարժ գույքի դեպքում 2 մլն դրամը, իսկ փոխադրամիջոցների դեպքում` 1 մլն դրամը: Բացի այդ, կառավարությունը օրենքում նախատեսել է նշված հարկատեսակներով պարտավորություններն ըստ ժամանակացույցի աստիճանաբար մարելու հնարավորություն:  Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այս արտոնությունների հնարավորությունը քննարկվում է արդեն մեկ տարի, խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էլ էին առաջարկել նմանատիպ նախագիծ: Նա նաեւ նշեց, որ հարկման բազաների ճշգրտումը կօգնի համայնքային իրատեսական բյուջեների կազմմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ, նշեց, որ  դրանով առաջարկվում է 10 տարվա ընթացքում գոյացած հողի հարկի եւ գույքահարկի գծով առաջացած  43 մլրդ դրամ ապառքներից բնակչությանը զիջել 35 մլրդը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցող   պատգամավորները ներկայացրեցին իրենց  իրարամերժ տեսակետներն ու առաջարկները քննարկվող հարցի վերաբերյալ:

Օրինագծերի փաթեթի  վերաբերյալ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` անհավասար դաշտում կարող են հայտնվել օրինապաշտ ու անպարտաճանաչ հարկատուները:

ՀՀԿ խմբակցության  դրական տեսակետը օրինագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Կարեւորելով  ներկայացված փաթեթը` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ օրինագծով նախատեսվում է վերացնել հողի հարկի տույժերն ու տուգանքները: Պարոն Սահակյանը նշեց, որ  այս նախաձեռնությամբ լուծվելու են ոլորտում առաջացած  խնդիրները, հստակեցվելու է հարկատուների մշտական բազան: Ըստ նրա` փաթեթի չընդունման դեպքում բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու վճարել գոյացած ապառքները դատական կարգով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը  եւ  հիմնական զեկուցող Վաչե  Տերտերյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձան հնչեցված հարցադրումներին եւ տվեցին  պարզաբանումներ:
 
 

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ  37 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի  փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Օրինագծերի  փաթեթով նախատեսվում է իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականության, ինչպես նաեւ փաստաթղթերը կնիքով հաստատելու հայեցողական իրավունքի վերացում, ինչը կնպաստի գործարարություն սկսելու գործընթացի հեշտացմանը:

Ներկայացնելով գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանն առաջարկեց փաստաթուղթը կնիքով հաստատելու իրավունքի վերացում չնախատեսել այն ոլորտների համար, որոնք ռիսկային են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց նույն ոլորտին վերաբերող «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ  18 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի  փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա  հստակեցնել պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանել պետական գրանցման եւ պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, սահմանել պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը եւ տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ չեզոքացնելու:

Նշված  օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կիրականացվի  էլեկտրոնային  գրանցման համակարգի վերջնական ներդրումը: Հնարավորություն կընձեռնվի տեղեկություն ներկայացնել ոչ միայն թղթային կրիչի վրա, այլ նաեւ էլեկտրոնային ձեւով: Էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար կկիրառվեն էլեկտրոնային թվային ստորագրություններ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ նախարարի` նախագծերի այս փաթերը նպատակ ունի արտակարգ դրության պայմաններում արտաքին եւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու սահմանադրական կարգը եւ մարդկանց իրավունքները:  Նա հավաստիացրեց, որ այս նախագիծը բանակը ժողովրդի դեմ  հանելու նպատակ չի հետապնդում, ինչպես ներկայացնում են ընդդիմախոսներից ոմանք:  Արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում բանակը կօգտագործվի այն ժամանակ, երբ ոստիկանության ուժերը ի զորու չեն լինի կատարելու իրենց առջեւ դրված առաջադրանքը. օրինակ` զորքը ակտիվ դերակատարություն կարող է ունենալ բնակչության տարհանման կամ բնական աղետների հետեւանքների վերացման գործում: Ներկայացված նախագծերի փաթեթը ՀՀ Սահմանադրության պահանջ է, ինչը ուղղված է վտանգների նվազեցմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» առաջարկվող լրացումները արտակարգ դրության ժամանակ կատարված խախտումների համար պատասխանատվություն են նախատեսում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը սահմանում է, որ եթե արտակարգ դրության ժամանակ հրավիրված ԱԺ նիստում համապատասխան քվորում չի ապահովվում, անկախ քվորումից` 3 ժամ հետո  սկսվում է նիստը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` փետրվարի 28-ի նիստում:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am