Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ:
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկել են Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու եւ իրականացնելու երկրի իշխանությունների կամքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Լիտվայի դերը` որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության մեծացման հարցում:
Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Էվալդաս Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` հիմնված հակամարտության կարգավորման շուրջ ամրագրված 3 հայտնի սկզբունքների վրա: Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,-ասել է պարոն Շարմազանովը: