Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Պարոն Շարմազանովի եւ համալսարանականների միջեւ ծավալվեց անկեղծ ու անմիջական երկխոսություն: Ուսանողներին հետաքրքրում էին ինչպես երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական զարգացումները, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձությունները:
Համալսարանականները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին իր մոտեցումները ներկայացնել Հայաստանի եւ մերձբալթյան երկրների միջեւ փոխգործակցության ընթացիկ եւ հեռանկարային զարգացումների, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը հստակ քաղաքականություն է իրականացնում եվրաինտեգրման խորացման ուղղությամբ` օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այս համատեքստում նա կարեւորեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրականացնելու ժողովրդավարական ընտրություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց մերձբալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Նա տեղեկացրեց, որ վերջերս Լիտվա կատարած այցի ժամանակ լիտվացի իր գործընկերները վստահեցրել են, որ եվրաինտեգրման ճանապարհին ակտիվորեն կաջակցեն Հայաստանին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այս ոլորտում լիտվական փորձը ուսանելի կարող է լինել հայկական կողմի համար:
Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նաեւ հայ-վրացական հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամական են եղել: ԱԺ փոխնախագահը Վրաստանի հետ հարաբերությունները կարեւորեց նաեւ ստրատեգիական առումով: Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, եւ չնայած հայ-թուրքական սահմանը բացելու միջազգային հանրության կոչերին` Թուրքիան շարունակում է շրջափակման իր քաղաքականությունը: Քաղաքական այս իրավիճակում Վրաստանը մնում է մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող կարեւորագույն օղակներից մեկը:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանություններն ընդդիմադիր գործիչների քննադատությունները հաշվի են առնում, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները համագործակցում են օրենքների նախագծերի մշակման հարցում: Նա նշեց, որ միջազգային դիվանագիտական կառույցներում եւս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են ի շահ մեր պետության: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, եւ միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Երեւանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Ստեփանյանին մտահոգում էր Իրանի շուրջը ստեղծված լարվածությունը եւ հետաքրքրում այն հարցը, թե պատերազմական գործողությունների դեպքում Հայաստանի համար ինչ վտանգներ կլինեն: Պարոն Շարմազանովի կարծիքով` Իրանում, ինչպես նաեւ Սիրիայում իրավիճակի ապակայունացումը Հայաստանում հումանիտար ճգնաժամի պատճառ կդառնա: Նա համոզված է, որ պատերազմը ցավալի հետեւանքներ կունենա մեր երկրի համար, քանի որ Իրանը եզակի ճանապարհ է Հայաստանի համար: «Մենք կողմ ենք Իրանի խնդրի խաղաղ լուծմանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ կրթական բարեփոխումներին` ընդգծելով, որ կրթությունը զգայուն ոլորտ է, եւ այստեղ յուրաքանչյուր փոփոխություն պետք է զգույշ կատարել: «Ես կարծում եմ, որ պետք է դյուրացնել ընդունելությունը եւ դժվարացնել բուհ-ը ավարտելը, որպեսզի, իրոք, ավարտեն լավագույն մասնագետները»,- նշեց նա:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին հայկական կողմի չմասնակցելու, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, Երեւանի մաքրության, արտագաղթը կասեցնելու խնդիրներին: