1 / 5 | ||
Տեսանյութ |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան:
ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում` լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ: Խորհրդարան այցելելով` ուսանողները հնարավորություն ունեն ճշգրտորեն պատկերացնել եւ գնահատել Ազգային ժողովի գործունեությունը: ԱԺ նախագահը սա կարեւոր համարեց այն համատեքստում, որ հասարակության մեջ հիմնականում մամուլն է կարծիք ձեւավորում, հաճախ` կանխակալ: ԱԺ նախագահը երիտասարդների հետ զրուցեց հակաքարոզչության եւ ինքնաոչնչացման դրսեւորումների անթույլատրելիության մասին` փոխարենը օգտակար համարելով առողջ քննադատությունը: Որպես թիրախ դարձած ոլորտներ` խորհրդարանի ղեկավարը նշեց Հայոց բանակը եւ Հայ առաքելական եկեղեցին, երբ առաջին դեպքում փորձ է արվում խարխլել ազգային անվտանգության հիմնական սյունը եւ երկրորդ դեպքում` ինքնապահպանման եւ արժեհամակարգի կարեւոր հիմքը: Պարոն Նիկոյանը մտահոգիչ եւ պետության համար վտանգավոր համարեց, երբ քննադատում են ամեն ինչ` տեղ չթողնելով հավատին: «Դուք երիտասարդ եք, նոր եք կյանք մտնում: Ապրեք հպարտությամբ, որ հայ եք, հին գենի կրողներն ու քաղաքակրթություն ստեղծող ժողովրդի զավակները»,- հորդորեց նա երիտասարդներին:
Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը` ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաեւ` պահպանում իշխանության երեք թեւերի միջեւ հավասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները:
ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձան քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին` ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշեց որպես երիտասարդ գործիչներ պատրաստելու լավ դպրոց, օգտակար համարեց երիտասարդների խորհրդատվական ձայնը որոշումներ կայացնելիս:
Խորհրդարանի ղեկավարին հարց ուղղեցին նաեւ պատգամավորի հետկանչի մեխանիզմներ ներդնելու նպատակահարմարության մասին: Ըստ պարոն Նիկոյանի` պետք է ձեռնպահ մնալ նման մեխանիզմներից, քանի որ դրանք կարող են իշխանությունների ձեռքում քաղաքական հայացքների համար հետապնդելու գործիք դառնալ: Նույն այս տրամաբանությամբ է Սահմանադրությամբ երաշխավորվել նաեւ պատգամավորների անձեռնմխելիությունը:
ԱԺ նախագահը հանդիպման վերջում երկուստեք ուսանելի համարեց այս ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ յուրաքանչյուր հարցադրման մեջ տեսնում է վաղը փոխարինելու եկող նոր սերնդի տեսակետը: