Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրեց միջազգային պայմանագրերը:
Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ նիստին հետեւող Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:
Խորհրդարանը շարունակեց նախորդ օրը ընդհատված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը:
Ծրագրի վերաբերյալ իրենց նկատառումներն ու դրական դիրքորոշումները ներկայացրին պատագամավորներ Արա Նռանյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Ողջունելով ներկայացված ծրագիրը` Արա Նռանյանը նկատեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում դեռեւս կան խնդիրներ, որոնք ուսումնասիրման կարիք ունեն: Ըստ պատգամավորի` անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել մանրածախ առեւտրի ու խոշոր ներկրողների գործունեության ոլորտներում, պարզել, թե որոնք են գերշահույթով աշխատող կազմակերպությունները:
Պարոն Նռանյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց ուսումնասիրել ավտոմեքենաների պահեստամասերի շուկան:
Պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ներկայացված ծրագիրը, նկատեց, որ այն շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից: Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը` տիկին Նաղդալյանը նշեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, հանձնաժողովի աշխատանքը դարձել է առավել դինամիկ եւ տեսանելի` շնորհիվ հանձնաժողովին տրված լիազորությունների եւ լծակների:
Տիկին Նաղդալյանի համոզմամբ` 2012 թվականին եւս շարունակվելու է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ինչի մասին են վկայում ծրագրում նախանշված միջոցառումները:
Եզրափակիչ ելույթում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց սպառիչ պատասխաններ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց առաջին ընթերցումից հետո պատգամավորների ներկայացրած առաջարկները եւ դրանց հիման վրա կատարված լրամշակումները: Նորացված տարբերակով, նախարարի տեղեկացմամբ, սպառողական կոոպերատիվը պետք է ունենա առնվազն 5 անդամ:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը օրինագիծը քննարկել է եւ տվել դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամ Վահագն Մասխուդյանի խոսքերով` այս նախաձեռնությամբ անհրաժեշտ իրավական դաշտ է ստեղծվում կոոպերատիվների գործունեության, տնտեսական ինքնուրույնության համար:
Պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» առաջարկած լրացումները նպատակ ունեն տարբերակել մեծահասակներին ու անչափահասներին արգելանքի տակ պահելու պայմանները: Նախագծով նախատեսվել է անչափահասներին արգելանքի տակ պահել 48 ժամ` 72-ի փոխարեն: Կրճատվել է նաեւ մինչդատական վարույթում մեղադրյալ անչափահասներին կալանքի տակ պահելու ժամկետը` 12-ի փոխարեն սահմանվելով 6 ամիս: Արա Բաբլոյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը. հեղինակները նպատակ ունեն կանխել երկարատեւ արգելանքի կիրառմամբ պայմանավորված բռնությունների զգալի ռիսկը: Այս մոտեցումը բխում է նաեւ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի հանձնարարականներից:
Կառավարության տեսակետը ներկայացնելով` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայնեց անչափահասների նկատմամբ առանձին պայմաններ ստեղծելու մոտեցման հետ, ավելին` առաջարկեց քննարկել նրանց առնչվող քրեական գործերում առանձին դատավորներ ներգրավելու հարցը: Կառավարությունը նաեւ վերապահում ունի: Նախարարը նշեց, որ չպետք է վերոնշյալ նորմերը կիրառել հանցախմբում ընդգրկված անչափահասների նկատմամբ:
Հեղինակը առաջարկները քննարկելու եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դրանք օրինագծում ընդգրկելու պատրաստակամություն հայտնեց:
Դրական էր նաեւ գլխադասային` պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը:
Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը ներկայացրեց «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, ապա` «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Առաջին փաստաթուղթը նպատակ ունի ճանաչելի դարձնելու մշակութային ժառանգությունը եւ դրա իրավունքները, երկրորդով ամրագրվում են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ մշակութային համագործակցության ուղղություներն ու ոլորտները: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, դրական է գնահատել կոնվենցիան ու համաձայնագիրը: Նա նշեց, որ ԵԽ շրջանակային կոնվենցիային միացել են 17 երկրներ, որոնց թվում չկա հարեւան Ադրբեջանը, մինչդեռ հենց այնտեղ են ոչնչացվում հայկական պատմամշակութային կոթողները:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում» Վիկտոր Դալլաքյանի առաջարկած փոփոխությունները: Նախագծի վերաբերյալ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկը արտացոլվել է լրամշակված տարբերակում: Հեղինակը նշեց, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի խստացնել պատժամիջոցները սեռական հանցագործությունների համար:
Արդարադատության նախարարը խորհրդարանին ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ ու որոշակի խմբագրական շտկումներով: Նախարարը մեկ անգամ եւս փաստեց, որ այս օրենքն ուղղված է լինելու Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանությանը, եւ որ արտակարգ դրության անհրաժեշտության դեպքում կապահովվեն ժողովրդավարական ու մարդու իրավունքների պաշտպանության բոլոր չափանիշները:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց այս նախագիծը:
ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին: