Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը:
Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, որը նպատակ ունի աշխատակազմին ծանոթացնել Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Վրեժ Գասպարյանը հույս հայտնեց, որ այն օգտակար կլինի ԱԺ աշխատակիցների համար` գիտելիքները խորացնելու, տեղեկացված լինելու, ամերիկյան փորձն օգտագործելով` խորհրդարանականների աշխատանքին օժանդակելու հարցում:
ԱՄՆ դեսպանը խորհրդարանի անկախության տեսանկյունից կարեւոր համարեց, որ օրենսդիր մարմինն ունենա ինֆորմացիայի իր աղբյուրը: Այս նպատակով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միայն հետազոտական կառույցում, ինչպես ներկայացրեց Դեյվիդ Մաոն, աշխատում է 625 մարդ` գերակշիռ մասն արհեստավարժ վերլուծաբաններ, տեղեկատվության մասնագետներ: Նշելով վերլուծություններ, հաշվետվություններ եւ հոդվածներ պատրաստելու, դրանք կոնգրեսականներին հասանելի դարձնելու ընթացակարգերը` պրն. Մաոն ընդգծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մասնագետները` ճշգրտություն, սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտություն եւ քաղաքական ազդեցության բացառում: Տեղեկատվությունից բացի, որը հասանելի է նաեւ առցանց տարբերակով, հետազոտական բաժնի աշխատակազմը կոնգրեսականներին խորհրդատվություն է տրամադրում:
Վրեժ Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց նույն օրը Ազգային ժողովում անցկացվելիք «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինարից հետո ընդհանրացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ պատկերացումներն ու առաջարկները: