ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 3-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին:
Պարոն Սահակյանը բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում իրանցի դիվանագետի կատարած աշխատանքը եւ ափսոսանք հայտնեց, որ նա ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր պաշտոնավարման տարիներին հայ ժողովրդի ու իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար եւ հավաստիացրեց, որ ինքը միշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: Նրա գնահատմամբ` շատ մեծ է եղել Գալուստ Սահակյանի դերակատարությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
Երկուստեք կարեւորելով հայ-իրանական տնտեսական կապերի դինամիկ առաջընթացը` միաժամանակ արձանագրեցին, որ այդ հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության մեծացման էլ ավելի մեծ հեռանկարներ կան, որոնք պետք է օգտագործել` ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության: Կողմերը բարձր գնահատեցին տարածաշրջանային խաղաղությանը միտված երկու երկրների հավասարակշռված քաղաքականությունն ու ցանկացած խնդիր բանակցային ճանապարհով լուծելու ջանքերը` համոզմունք հայտնելով, որ այդ գործոններով են պայմանավորված տարածաշրջանի երկրների կանխատեսելի լինելն ու նրանց կայուն զարգացումը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների, կրթական-մշակութային կապերի, զբոսաշրջության զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: