Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ողջունելով դեսպանին Ազգային Ժողովում, պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ փոխգործակցության համար: Նրա խոսքով` այսօր հայ-իրանական հարաբերությունները զարգանում են դրական եւ վերընթաց կերպով` ներառելով բոլոր բնագավառները` քաղաքական, առեւտրա-տնտեսական, գիտա-մշակութային:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Իրանի իշխանությունների կողմից հայ համայնքի ու հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը, ինչը այլ մշակույթի նկատմամբ հանդուրժողականության լավագույն օրինակ է:
Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի` երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվում է առաջընթաց, այդուհանդերձ, եղած ծավալները բավարար համարել չի կարելի, քանի որ առկա է զգալի ներուժ եւ հարկ է ակտիվացնել գործնական քայլերը տնտեսական փոխգործակցությունը քաղաքական շփումների մակարդակին բարձրացնելու ուղղությամբ:
Պարոն Նիկոյանն անդրադառնալով միջխորհրդարանական կապերին նշեց, որ հաստատված են համագործակցության լավ ավանդույթներ: Հատկապես աշխույժ հարաբերություններ են ձեւավորված ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի միջեւ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց աշխուժացնելու շփումներն ու փոխայցելությունները խորհրդարանական տարբեր մակարդակներով:
Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համագործակցության հարցերին: Համոզմունք հայտնվեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց տարածաշրջանային խնդիրների առնչությամբ, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը:
«Հայաստանի եւ Իրանի միջեւ չի եղել եւ չկա որեւէ խնդիր»,- ասաց դեսպան Սաղայանը` երկու երկրների բարեկամական հարաբերություններում մեծապես կարեւորելով իրանահայերի դերակատարությունը: Դեսպանը եւս ընդգծեց երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման անհրժեշտությունը, տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ եւ ԻԻՀ ջանքերը, մշակութային շփումերի էլ ավելի աշխուժացման կարեւորությունը: Իր երախտագիտությունը հայտնելով խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության համար, Պարոն Սաղայանը վստահություն հայտնեց, որ այն կշարունակվի նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ծավալած արդյունավետ գործունեության համար` ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ մաղթեց դեսպանին: