ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության խումբը մայիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Դիտորդական առաքելության խմբի ղեկավար, Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Լոգվինենկոյի խոսքերով` այցի նպատակն է պարզել, թե որքանով են նախընտրական գործընթացները համապատասխանում օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները: Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը փաստեց, որ լրատվամիջոցներով կուսակցությունների քարոզարշավի լուսաբանումն այս անգամ աննախադեպ էր, անաչառ ու հավասար: Տկն. Ալավերդյանի գնահատմամբ` օրենսդրական բարեփոխումներից բացի` այս հարցում մեծ դեր է խաղացել իշխանությունների քաղաքական կամքը: Փոխարենը պատգամավորը գոհ չէր քաղաքական մշակույթի ներկա մակարդակից եւ որպես բացթողում` նշեց քարոզարշավի ընթացքում բանավեճերի ու ծրագրերի մրցակցության բացակայությունը: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից «Ժառանգության» ներկայացուցիչը թերացում համարեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն չընձեռելու հանգամանքը ու նաեւ` բոլոր կուսակցություններին դեմ արտահայտվող քաղաքացիների ձայնն ընդհանուրի մեջ չարտացոլելու մոտեցումը: Տկն. Ալավերդյանը ժամանակավրեպ համարեց կուսակցությունների դիմումը ՍԴ-ին ընտրությունների նախօրեին` քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու հարցի սահմանադրականությունը պարզելու նպատակով, թեեւ նա կողմ արտահայտվեց ցուցակները հրապարակելուն: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ընտրացուցակների ճշգրտման ու վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման խնդիրներին:
Դիտորդական խմբի անդամներն ընտրություններում հաջողություն մաղթեցին կուսակցությանը եւ հավաստեցին, որ իրենց գնահատականները լինելու են օբյեկտիվ ու անաչառ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը դիտորդական խմբի անդամների հետ զրույցում նշեց, որ Ընտրական փոփոխված օրենսգրքում եւ ընտրական գործընթացներում առաջընացը նկատելի է: Նրա խոսքերով` այս քարոզարշավի ընթացքում կուսակցությունների համար որեւէ խոչընդոտ չի ստեղծվել, լրատվամիջոցները հասանելի են եղել բոլոր կուսակցությունների համար հավասարապես: Չնայած Ընտրական օրենսգրքի` ընտրությունները վերահսկելու առավել լայն հնարավորություններ տալուն` խմբակցությունը որոշակի մտավախություն ունի հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ: Մտավախությունների զգալի մասը վերաբերում է ընտրական ցուցակներին: Փաստարկները, թե ընտրություններից հետո քվեարկած անձանց ցուցակը հրապարակելը մարդու իրավունքների խախտում է, ընդունելի չեն խմբակցության համար, եւ նրանք շարունակում են արդյունավետ միջոց համարել ցուցակի հրապարակումը` որպես կեղծիքներից խուսափելու լավագույն միջոց: Պրն. Շահբազյանը մտահոգված էր այն հանգամանքով, որ հանրապետության 5-6 հազար ընտրողներ գտնվում են արտերկրում, ինչը կարող է վերջիններիս ձայնն օգտագործելու սողանցք թողնել:
ՀՅԴ ներկայացուցիչը դիտորդների ուշադրությունը հրավիրեց նաեւ ընտրակաշառքների բաժանման` իրենց հասած տեղեկությունների վրա: Նրա կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը մարդկանց խոցելի եւ տարատեսակ ազդեցությունների համար բաց է դարձնում:
Զրուցակիցներն անդրադարձան ընտրության օրը տեղամասերում վերահսկողություն սահմանելուն, հնարավոր խախտումները կանխելու միջոցառումներին, կազմակերպչական խնդիրներին: Դիտորդական խմբի բնորոշմամբ` պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում մեծ է վստահված անձանց դերակատարությունը: Նրանց գնահատականով` Ընտրական օրենսգիրքը ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լայն հնարավորություն է ընձեռում:
ԱՊՀ ՄԽՎ-ի` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելության պատվիրակները հանդիպեցին նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարի օգնական Էդգար Առաքելյանի հետ:
ԱՊՀ ՄԽՎ-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Նա կարեւորեց Հայաստանում ընտրությունների ազատ եւ արդար, առանց ցնցումների անցկացումը:
Պարոն Առաքելյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում, Ընտրական օրենսգրքի խախտումներ չեն եղել, հեռուստաընկերությունները պահպանել են հավասարաչափ լուսաբանումը: Նա նկատեց, որ մամուլի որոշ էլեկտրոնային միջոցներ կուսակցության դեմ իրականացրել են «սեւ» քարոզչություն, այնուամենայնիվ, Էդգար Առաքելյանը նախընտրական քարոզարշավը համարեց կայացած եւ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Պրն. Առաքելյանի կարծիքով` այս ընտրությունները մի քանի քայլ առաջ կլինեն նախորդ ընտրություններից ու կանցնեն ազատ, արդար եւ օրենքի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրացուցակների ճշգրտությանը:
ԱՊՀ ՄԽՎ-ի պատվիրակության ղեկավարը հավաստիացրեց, որ ընտրական գործընթացին իրենց վերաբերմունքը կլինի օբյեկտիվ: Նրա տպավորությամբ` ակնհայտ է ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու բարի կամքը:
Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների հետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպեցին Արամ Սաֆարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավորներն անդրադարձան փակցված ընտրացուցակներին` նշելով, որ լուրջ մտահոգություն են առաջացնում հատկապես ընտրողների լրացուցիչ ցուցակները:
Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն այլ քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ մշակել է վերահսկողական մեխանիզմներ, որոնք կիրառվելու են ընտրությունների օրը` ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը վերահսկելու համար:
ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների հետ հանդիպեցին նաեւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը եւ Արայիկ Հովհաննիսյանը:
ՀՀԿ անդամ պատգամավորները հույս հայտնեցին, որ երկու օր հետո տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչի համար կան բոլոր նախապայմանները: Այդ մասին են փաստում ոչ միայն իրենց քաղաքական ուժի վճռականությունն ու կատարած կազմակերպչական աշխատանքը, այլեւ ընտրությանը հայտ ներկայացրած կուսակցությունների` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունները, նախընտրական շրջանում ստեղծված հանդուրժողական մթնոլորտը:
Նրանք լավ ընտրությունների նախապայման համարեցին նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք ստեղծում են բոլոր հնարավորությունները ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Նրանց գնահատմամբ` գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ փաստում են, որ ստեղծված են հավասար հնարավորություններ: Դա է վկայում նաեւ խաղաղ ու քաղաքակիրթ ընտրարշավի փաստը:
ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները տեղեկացրին, որ խորհրդարանական մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո իրենց համար պարզ է դարձել, որ բոլորը լավատեսորեն են տրամադրված: