ԱԺ փոխնախագահը ողջունեց երիտասարդ լրագրողներին` կարեւորելով տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում նրանց առաքելությունը:
Պարոն Շարմազանովն անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք նրա գնահատմամբ` Հայաստանի ժողովրդավարացման նոր շրջադարձի սկիզբ ու երկրի դեմոկրատական զարգացումները նախանշող անդառնալի գործոն դարձան:
ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջընթացի ու ժողովրդավարացման արդյունավետությունը պայմանավորեց նաեւ երիտասարդության ակտիվությամբ ու նրանց համար Հայաստանի իշխանությունների ստեղծած ինքնադրսեւորման հնարավորությամբ: Երիտասարդները Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, գիտական ընկերությունների, մարզային երիտասարդական կենտրոնների միջոցով: Նա երկրի առաջընթացը պայմանավորեց նաեւ գիտելիքահենք տնտեսության ստեղծմամբ, որտեղ իրենց ավանդը պետք է ունենան բանիմաց, ազատ մտածող ու մրցունակ երիտասարդները:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով Հայաստանի կատարած քայլերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:
Նրա գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկում ոչ միայն այն պատճառով, որ պատմական ճշմարտությունը բոլորն իմանան, այլ որպեսզի հետագայում կանխվեն նման ոճիրները. դա մարդու իրավունքների պաշտպանությանը միտված կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի միջազգային հանրության համար:
Պարոն Շարմազանովը խոսեց նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության, նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու թուրքական քաղաքականության սնանկության ու միջազգային երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա ու Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհրաժեշտության մասին:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը` ԱԺ փոխնախագահն ասաց. «Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկիր է, այս առումով եվրոպական արժեքները հոգեհարազատ են մեզ, իսկ մեր որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը` անդառնալի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը եվրոպամետ կամ էլ, ասենք, ռուսամետ ու ամերիկամետ է. Հայաստանը հայամետ քաղաքականություն է վարում: Այս առումով մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է ու հավասարակշռված»: