Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեցին ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ֆեդորյակի տեղեկացմամբ` այցի նպատակը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաների գործունեության ու պայմանների դիտարկումն է, ֆինանսավորման հարցերի քննարկումը` պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտը բարելավելու համար: Դաշնային խորհրդի պատվիրակությունը հետաքրքրված է նաեւ միջխորհդարանական կապերի ամրապնդմամբ, մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում շփումներն ակտիվացնելու հեռանկարով:
Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը, ընդգծելով հայ ժողովրդի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի հանդեպ, փաստեցին, որ մեծամասնությունն է պաշտպանել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրի` որպես փոխշահավետ համաձայնության, վավերացումը: Թեեւ միջխորհրդարանական հարաբերությունները, զրուցակիցների բնորոշմամբ, բարձր մակարդակի վրա են, կա համագործակցությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ: Պատգամավորների համոզմամբ` փոխադարձ այցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը նոր լիցք կհաղորդեն այդ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: