Մայիսի 23-24-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստից առաջ` մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ նիստը:
Բյուրոյի նիստում, որը նախագահում Էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, օրակարգի ընդունումից հետո հաստատվեց ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի` 2011 թվականի նոյեմբերի 21-ին Տիրանայում կայացած 45-րդ նստաշրջանի արձանագրությունը, ընդունվեց ՍԾՏՀ ԽՎ 39-րդ նստաշրջանի աշխատանքների ընթացակարգը:
Քննարկվեցին ՍԾՏՀ ԽՎ-ին վերաբերող մի շարք ֆինանսական հարցեր, լսվեց խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Նիստում քննարկվեցին Բյուրոյի հերթական` 47-րդ նիստի անցկացման վայրի եւ օրակարգի վերաբերյալ հարցեր:
Նույն օրը տեղի ունեցավ նաեւ ՍԾՏՀ ԽՎ մշտական հանձնաժողովի 39-րդ նիստը: Օրակարգի ընդունումից հետո հաստատվեց 2012 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլում կայացած մշտական հանձնաժողովի 38-րդ նիստի արձանագրությունը, վերանայվեց նոր մանդատների հարցը, ինչպես նաեւ քննարկվեց ՍԾՏՀ ԽՎ-ում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տալու հարցը:
Քննարկվեց ՍԾՏՀ ԽՎ-ում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը դիտորդի կարգավիճակ տալու հարցը:
Լսվեցին նաեւ միջազգային այլ կազմակերպություններում ՍԾՏՀ ԽՎ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հաշվետվություններ:
Քննարկվեցին ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների 2012 թվականի երկրորդ կիսամյակի գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` ֆինանսաաուդիտորական հանձնաժողովի եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ:
Վեց ամիս է, ինչ Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ ԽՎ-ում: