1 / 7 | ||
Տեսանյութ |
Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու պատվիրակության անդամները, որպես հիշատակ, լուսանկարվեցին «Հիշողության պուրակ»-ում տարիներ առաջ տիկին Մատվիենկոյի կողմից տնկված մշտադալար եղեւնու հարեւանությամբ։
Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում նշեց. «Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը համայն մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություն է. դեռեւս 1915 թվականին Ռուսաստանն այսպիսի որակում է տվել այդ ոճրին։
Դա հայ ժողովրդի՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմության ողբերգական էջն է։ Զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ռուսաստանը հազարավոր հայերի ապաստան տվեց իր երկրում, օգնություն ցացաբերեց Հայաստանին։
Ես կարծում եմ, որ այդպիսի հանցագործությունները, որքան էլ տարիներ ու դարեր անցնեն, չի կարելի մոռանալ, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մարդկության դեմ կատարված հանցագործություններին այնպիսի գնահատականներ ու որակումներ պետք է տրվեն, ինչին դրանք արժանի են` հատկապես մեր օրերում, երբ ցանկանում են պատմությունը կեղծել ու աղավաղել։ Դա անթույլատրելի է։ Ցեղասպանությունը՝ ցեղասպանություն է։ Հարկավոր է ցեղասպանության ենթարկվածների հիշատակը վառ պահել։ Եվ պետք է արժանին մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին, որ կառուցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը։ Քանի դեռ կհիշվի ողբերգության մասին, քանի դեռ զոհերի հիշատակը վառ կմնա՝ այդպիսի ողբերգությունները, ես վստահ եմ, չեն կրկնվի»։