National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով  պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրություններին : ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց  խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին եւ առաջարկեց ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում : Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել եւ նշեց, որ  մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաեւ նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները եւ գործընթացները առավել ամրապնդելու գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում եւ իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը : Նա խիստ մտահոգություն հայտնեց շփման գծում միջադեպերի կապակցությամբ եւ անհրաժեշտ համարեց դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով  ուժի կիրառումը եւ խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:  ԱԺ նախագահը շեշտեց, որ  Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարեւոր դեր վերապահեցին խորհրդարանական դիվանագիտությանը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am