1 / 6 | ||
Տեսանյութ |
Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, եւ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով` միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա եւ իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները եւ եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի փոխանցումը եւ ազատ արձակումը գնահատեց որպես անթույլատրելի եւ աննախադեպ երեւույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում Եվրոպայում եւ Հունգարիայի իշխանությունների այդ քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ ԵԽ անդամ Ադրբեջանի արարքը միջազգային նորմերի եւ եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ էր: Ողջունելով տիկին Պրամմերին` պարոն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձեւաչափերով: «Հայ - ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշեց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափով:
Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ համարեց ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջեւ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Տիկին Պրամմերը շեշտեց, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ ` վերջինիս նախաձեռնությամբ:
Շնորհակալութուն հայտնելով հանդիպման համար` ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտեց Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը: Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարեւոր համարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը եւ վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: