National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.11.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպում ունեցավ Հունաստանի դեսպանի հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով դեսպանին, շնորհավորեց նրան Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-հունական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոանիս Տայիսը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, Հունաստանում հայկական, իսկ Հայաստանում հունական համայնքների առկայությամբ: Դեսպանի գնահատմամբ՝ այդ հնարավորությունները մեծ են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, եւ ինքը ամեն ինչ կանի դրանք կյանքի կոչելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներն ու փոխայցերը էլ ավելի ակտիվացնելուն, եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման՝ Հունաստանի կատարած քայլերի, ԼՂՀ-ի հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցումների համար՝ տեղեկացնելով, որ հայ ժողովուրդը իր ցավի մասին չէ միայն, որ խոսում է. ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ազգերի, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել օսմանյան կայսրությունում: Արդեն 5 տարի է՝ մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայ ժողովուրդը հույն եղբայրների հետ հիշատակի տուրք է մատուցում ցեղասպանության զոհ դարձած պոնտոսահույներին ու դատապարտում Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանը կողմ է միջազգային նորմերի շրջանակներում խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն, այնինչ Ադրբեջանը չի հրաժարվում ռասիստական քաղաքականությունից, որի վերջին արտահայտությունը մարդասպան Սաֆարովին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձությունն էր, ինչը հակասում է միջազգային իրավական նորմերին: Նա հույս հայտնեց, որ Հունաստանը այս անգամ եւս իր հստակ դիրքորոշումը կհայտնի տեղի ունեցածի կապակցությամբ, քանի որ դա առաջին հերթին հակասում է եվրոպայի ժողովրդավարական արժեքներին:

Դեսպանը հավաստիացրեց, որ Հունաստանը աջակցում է եւ շարունակելու է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, իսկ Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կատարած քայլը նա որակեց որպես մեծ սխալ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա խաղաղ բանակցային գործընթացի վրա:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ ամիսներ հետո Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովն այդ ընտրությունների կարեւորությունը պայմանավորեց նախ եւ առաջ Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից ու հավաստիացրեց, որ եւ Հանրապետական կուսակցությունը, եւ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին եւ Հայաստանի նախագահական ընտրություններից լավագույնը լինեն, քանզի առանց արդար ու թափանցիկ ընտրությունների հնարավոր չէ խոսել ոչ երկրի զարգացման եւ ոչ էլ ազգային անվտանգության մասին: «Հայաստանը վճռական է տրամադրված ժողովրդավարական բարեփոխումների ու դրանց շարունակականության հարցում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am