Դեկտեմբերի 27-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ աշխատակազմին:
Շնորհավորելով ներկաներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Հարգելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Մի քանի օրից ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի: Գուցե ձեզնից ոմանց թվում է, թե իր կատարած աշխատանքն այնքան էլ կարեւոր չէ, կամ այնքան էլ տեսանելի չէ: Հավաստիացնում եմ, որ բոլորդ էլ, անկախ ձեր պաշտոնից ու աշխատանքից, կարեւոր դեր ունեք խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու մեջ: Եւ ես շնորհակալ եմ բոլորիցդ ձեր պատասխանատվության ու աշխատանքի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ մեր շարունակական համագործակցությունը գալիք 2013 թվականին նույնպես արդյունավետ կլինի: Մաղթում եմ, որ գալիք տարում միմյանց նկատմամբ լինեք ավելի ուշադիր, հոգատար ու հանդուրժող, միմյանց հետ ավելի համերաշխ եւ միմյանց ավելի օգտակար:
Նոր տարին մեզանում ընտանեկան, համախմբող տոն է, որը յուրաքանչյուրս նշում ենք մեր հարազատների շրջապատում: Ձեզանից ոմանք նույնիսկ երբեմն իրենց աշխատավայրում ավելի շատ են լինում, քան տանը: Ուրեմն համարենք, որ սա մեր բոլորիս ոչ միայն աշխատավայրն է, այլ նաեւ մեր հյուրընկալ տունը, եւ այսօր, որպես խորհրդարանական ընտանիքի անդամներ, միասին նշում ենք հայկական ավանդական ընտանեկան տոներից թերեւս ամենասպասվածը՝ Նոր տարին:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ ու մաղթում առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն: Թող նոր տարում խաղաղությունը, հաջողությունն ու երջանկությունը միշտ ուղեկցեն ձեզ, ձեր հարազատներին ու մտերիմներին»: