Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրանց այցը լավ հնարավորություն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու եվ օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: Կարեւորելով Արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-բահրեյնյան համագործակցության համար կա զգալի ներուժ: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ գոհունակությամբ փաստեց, որ երկու խորհրդարաններում ձեւավորվել են բարեկամության խմբեր: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց ակտիվացնել երկուստեք ջանքերը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Նրա համոզմամբ լավ նախադրյալներ կան նաեւ կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման համար, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը նշեց, որ Բահրեյնը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ համոզմունք հայտնեց, որ իրենց այցը կնպաստի փոխգործակցության խորացմանը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Հասան Իյադ Բու Խամասը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական համագործակցության ակտիվացումը: Պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի ջերմ ողջույնները եւ Բահրեյն պաշտոնական այցի հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ` կարեւորելով խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: