ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 6-ին հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները, ինչ խնդիրներ ունեն: Նա նաեւ առաջարկեց, որ երիտասարդները մասնակցեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ ներկայացնեն առաջարկներ, որոնք համատեղ կքննարկվեն:
Արտակ Զաքարյանը ԵԽ անդամներին ներկայացրեց այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ երկկողմ հարաբերություններ տարբեր երկրների խորհրդարանների հետ, աշխատանք միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրերի քննարկում, լսումների կազմակերպում:
Արտակ Զաքարյանը երիտասարդներին խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխուժացնել հարաբերությունները տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանականների հետ:
ԵԽ անդամները ներկայացրին իրենց հուզող հարցերը, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երիտասարդներին հետաքրքրող այլ հարցեր: