National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
07.02.2013
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Փետրվարի 7-ին Ազգային Ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ամփոփիչ ելույթում ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը միտված է ՍԴ-ի որոշման կատարմանը՝ ստեղծելու մի իրավիճակ, որ քաղաքացիները չենթարկվեն անհիմն սահմանափակումների՝ կապված տեղեկատվության հետ: Նրա գնահատմամբ՝ օրենքի քննարկումն առիթ դարձավ, որ բոլորը տեղյակ լինեն օրենքի անկատարությանը եւ այն համակարգային փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ՝ համաձայնագրի նպատակն է կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի հաստատումը: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Նա նշեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել համաձայնագրի վավերացումը, համապատասխան գերատեսչությունների գնահատմամբ՝ համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ օրենսդրությանը, չեն պարունակում ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր: Հարակից զեկուցողը տեղեկացրեց, որ համաձայնագիրը քննարկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Արդարադատության ակադեմիայի մասին», եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ոլորտում առկա խնդիրներին արմատական լուծում տալու նպատակ ունի:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ դատական եւ դատախազական համակրգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին: Արդի մարտահրավերները պահանջում են, որ կրթական ընթացակարգերը էլ ավելի կատարելագործվեն, ավելի քիչ միջոցներ օգտագործվեն, կրթական գործընթացի կազմակերպումը դառնա էլ ավելի արդյունավետ: Հիմանական զեկուցողի խոսքով՝ ակադեմիայի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներ տանել ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Նախատեսվում է ուսուցումն անցկացնել դասախոսությունների, սեմինարների, դատախաղերի, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով: Ակադեմիայի շրջանակներում աստիճանաբար իրականացվելու են դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը ներկայացվող պահանջները: ՀՀ օրենքի նախագիծը թույլ է տալիս նաեւ օրենսդրական կանոնակարգման ենթարկել կրթական գործընթացի ողջ ընթացքը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ հարակից զեկուցողի՝ եթե կա համապատասխան աջակցությամբ ծրագիր, որի նախապայմանն է ունենալ մեկ միասնական դպրոց, ապա այն կարելի է կյանքի կոչել՝ չսպասելով նախկինում նախատեսված ծրագրի ավարտին: Դավիթ Հարությունյանը պատգամավորներին կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկները:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Էդմոն Մարուքյանը եւ Կորյուն Նահապետյանը ճիշտ չեն համարում դատավորների եւ դատախազների թեկնածուների՝ մեկ հարկի տակ սովորելու հանգամանքը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Հայաստանում նրանց շփումը պետք է հնարավորինս բացառել եւ ոչ թե միասնականացնել: Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթի ընդունմամբ Արդարադատության ակադեմիայի ձեւավորման եւ գործունեության համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր: Ըստ պատգամավորի՝ նոր համակարգը կարեւոր նշանակություն ունի դատական իշխանության եւ դատախազության համակարգի ձեւավորման համար: Կարեւորելով Արդարադատության ակադեմիայի անկախության ապահովման խնդիրը՝ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ փաթեթում ներկայացված օրենսդրական լուծումները չեն երաշխավորում համակարգի անկախ գործունեություն: ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ-ում կստեղծվի որոշակի գործունեություն իրականացնելու համար կադրերի պատրաստմանն ուղղված հաստատություն: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ մի շարք եվրոպական երկրներում եւ՛ դատավորները, եւ՛ դատախազները ուսուցանվում եւ վերապատրաստվում են Արդարադատության դպրոցներում, ինչը չի խանգարում նրանց ինքնուրույն եւ արդար աշխատելուն: Պատգամավորը կողմ արտահայտվեց Հայաստանում համատեղ ուսուցման համակարգի՝ Արդարադատության ակադեմիայի ստեղծմանը:

Ամփոփելով քննարկումը՝ Հրայր Թովմասյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Ըստ նախարարի՝ մեկ կառույցում դատավորների եւ դատախազների թեկնածուների համար կազմակերպվող ուսումնառությունը կնպաստի ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, դատական եւ դատախազական համակարգերի մասնագիտական մերձեցմանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շտկել օրենքում առկա բացթողումը: Գործող օրենքի համաձայն` զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեuտ: Առաջարկվում է համազգեստի կրումը տարածել ոչ միայն կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների, այլեւ բոլոր դատախազների վրա:

Համանման խնդրի է վերաբերում նաեւ «ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստ ունենալու հանգամանքով, որի անհրաժեշտությունը բխում է օրենքով հատուկ քննչական ծառայողների վրա դրված իրավունքների եւ պարտականությունների բնույթից:

Համազգեստ, ինչպես նաեւ դասային աստիճանների տարբերանշաններ ունենալը կնպաստի պետական աշխատանքային կատարողական կարգապահության եւ աշխատանքային գործունեության, նրանց վրա դրված լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը, կունենա նաեւ խորհրդանշական բնույթ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքերի՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր եւ զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը ու դրանց մշակումն արգելող հավելվածները` այն համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին:

Նախագծերի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը դրական էր:

ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ օրենքի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը հստակեցված չէ, իսկ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն: Այս հանգամանքներն էլ հիմք են դարձել, որ հեղինակները համապատասխան շտկումներ կատարեն օրենքներում:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը նախագծի վերաբերյալ դրական էր:

Խորհրդարանը քննարկեց նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է հանել «ձայնային ծառայությունների մատուցում» եւ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ քննարկվող նախագիծը գնահատելով որպես տնտեսության խթանման, բարեփոխումների հետեւողական իրականացման շատ լավ օրինակ եւ հույս հայտնելով, որ օրենսդրական կարգավորման այս մոտեցումը հետագայում կտարածվի նաեւ տնտեսության այլ ոլորտների վրա:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը: Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նիստում:


07.02.2013
ԱԺ մի խումբ պատգամավորների հանձնվեցին «Ռուսհամագործակցության» Պատվո նշան եւ դիպլոմներ
Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հանձնվեցին «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան եւ դիպլոմներ: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» ...

07.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am