National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
15.02.2013
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նշեց, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան եւ համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա եւ Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երեւան: Գարնանը Հայաստան  կայցելի նաեւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են եւ պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արեւելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի՝ համակարգային ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերը ինքնանպատակ չեն: «Այն միանգամայն բխում է մեր ժողովրդի շահերից ու մեր երկրի զարգացման հեռանկարից», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման եւ խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:

Դեսպանն իր հերթին վերահաստատեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանություններն անում են առավելագույնը ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այն լինելու է երկրում անշրջելի ժողովրդավարության կարեւորագույն պայմաններից մեկը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ ձեւաչափով եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումն ու դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:


15.02.2013
Ամփոփվեցին «Եվրանեսթի» ԽՎ-ի հանձնաժողովի նիստի արդյունքները
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինեւում կայացած «Եվրանեսթի» ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ հ...

15.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 15-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով նրանց՝ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց խորհրդարանի եւ մշտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am