ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ փետվարի 22-ին քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ենթադրում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ու «ՀՀ քրեական» օրենսգրքերում:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շրջանառված այս նախագիծը համարեց խիստ արդիական, իսկ դրա ընդունման անհրաժեշտությունը՝ հրատապ: Հիմնական նպատակը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի կառավարումն է: Մասնավորապես այս նախագծում ամրագրվել են մեխանիզմներ՝ ձեւափոխված օրգանիզմների ազդեցությունը շրջակա միջավայրի կամ կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Հարցը տարբեր փուլերով քննարկվել է թե հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ, թե ակադեմիական հաստատություններում: Բոլորը, նախարարի փոխանցմամբ, միակարծիք են. պետք է արգելել կամ վերահսկել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումը: Այս նախագծով հնարավոր կդառնա պայքարել այնպիսի բացասական երեւույթների դեմ, ինչպիսիք են գեների անկառավարելի փոխանցումը, ավանդական բույսերի սորտերի ու կենդանիների ցեղերի բազմազանության նվազումը, հողերի բնական բերրիության խախտումը եւ բուսական-կենդանական տեսակների բազմազանության աղքատացումը: Մասնագետներն ահազանգում են. այնպիսի լայն կիառում ունեցող կուլտուրաներ, ինչպիսիք են եգիպտացորենը, լոլիկը, սոյան, ցորենը, կարտոֆիլը, հիմնականում գենետիկորեն ձեւափոխվել են:
Մեկուսացված համակարգում այս օրգանիզմների գործածությունը՝ ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը նախագծով հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Սահմանված են նաեւ պետական մարմինների լիազորություններն այս ոլորտում, ինչպես նաեւ նախատեսված է փորձագիտական խմբի գործունեություն:
Պատգամավորները հարց բարձրացրին՝ սննդի կամ կերի մեջ այս օրգանիզմների գործածության մասին, ինչը, ըստ Արամ Հարությունյանի, կարգավորված է մեկ այլ՝ «Սննդամթերքի անվտանգությւան մասին» օրենքով, որտեղ սահմանված է մակնշման պարտադիր պահանջ: Նախարարը նշեց, որ սա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը կանոնակարգելու առաջին քայլն է՝ քաղաքական որոշման արդյունք, հետագայում հնարավոր են նոր լուծումներ ու որոշումներ:
Հարցը դրական եզրակացությամբ հանձնաժողովը կառաջարկի ընդգրկել ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշվեց, որ նախագիծը կնպաստի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ նվազագույնի հասցնելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից չարաշահումների հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Վերջինիս ընդունումը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով: Հիմնական զեկուցողը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նշեց, որ պատգամավորների կողմից ստացել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Քննարկված օրենքի նախագծերի փաթեթին տրվեց դրական եզրակացություն՝ ԱԺ փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն:
Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:
Նախագծով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:
Օրենքի նախագիծը կարգավորում եւ հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:
Լրացումներ են կատարվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող: Այն անձինք, ովքեր գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա նույնպես պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ներկայացված օրինագծերի փաթեթը եւ՛ մարդու իրավունքների, եւ՛ ազգային անվտանգության տեսանկյունից, մտահոգություն հայտնեց, որ դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին վերապահելը կարող է խնդիրներ առաջ բերել կամ սուբյեկտիվ լուծումների տեղիք տալ, եւ գերադասելի համարեց օրենքում հատուկ չափորոշիչներ ներառել, ինչը հարցի լուծումը կդարձնի առավել օբյեկտիվ: Նման մտահոգություն հայտնեցին նաեւ քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեցին, որ հիմքն ակնհայտ է. դա անձի կրոնական դավանանքի կամ հայացքների հակասությունն է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ միայն զենք կրելուն եւ օգտագործելուն: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, այդպիսին հնարավոր չէ արձանագրել օրենքում, քանի որ դիմումատուն պետք է ապացուցի իր ներկայացրած հիմքերը, որոնք կարող են տարբեր լինել, իսկ հանձնաժողովը, հենվելով նրա ներկայացրած փաստերի հավաստիության վրա, պետք է համապատասխան որոշում կայացնի: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ եթե կոնկրետ չափորոշիչներ առաջարկվեն, որոնք ընդհանրական լինեն բոլոր դիմումատուների համար եւ խնդիրը կարգավորելու հնարավորություն տան, կառավարությունը պատրաստ է դրանք քննարկելու եւ ներառելու օրենքում:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատգամավորներին առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ օրինագծի տարբեր դրույթների, ինչպես նաեւ այլ օրենքների հետ համապատասխանեցման վերաբերյալ ինքն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին, իսկ հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակի՝ ՀՀ կառավարության առաջարկով հետաձգվեց:
Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով սահմանվում է ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր ստանալու համար պետական տուրքի չափը՝ 65000 դրամ:
Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական հիմնարկները, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նախագիծ, որը կկարգավորի խնդիրը:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ նախագիծը համատեղ մշակել են ՀՀ արդարադատության նախարարությունը եւ ՀՀ զինվորական դատախազությունը: Քննարկմանը ներկա էր եւ հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Նշվեց, որ ելնելով օրենսգրքում առկա էական թերությունների ի հայտ գալու հանգամանքից, առաջարկվում է պատիժներ սահմանել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:
Մասնավորապես, տարբեր պատժաչափեր են սահմանվում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք մուտք գործելու, պետին դիմադրելու կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելու, պետի կամ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու եւ այլ դեպքերում: Պատժամիջոցներ են նախատեսվում նաեւ զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործման եւ մոլախաղերի կազմակերպման կամ դրան մասնակցելու դեպքերում:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման պարագայում ակնկալվում է ուժեղացնել հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից:
Հաջորդ՝ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է թույլատրել, որ 1988-92 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված փախստականները հնարավորություն ունենան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Քննարկված մյուս՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով եւ կից օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլ նաեւ՝ վարչական գործով ապացույցները կեղծելու համար: Պատասխանատվություն է սահմանվում սուտ ցուցմունքներ տալու համար:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի մշակած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ օրինագիծը նպատակ ունի առավել հստակեցնել, թե որ դեպքերում կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունները: Մասնավորապես սահմանվում է, որ առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առեւտրային նպատակով վեարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունները:
Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Պատգամավորներն առաջարկում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը վերապահել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին: Ըստ հեղինակների՝ այս գործառույթի վերապահումը ԱԺ էթիկայի հանձնաժողովին պայմանավորված է նրա՝ անկախ եւ անկողմնակալ մարմին լինելու հանգամանքով:
Օրինագծերի վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկներ եւ դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրին հիմնական զեկուցողները, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 1997 թվականի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ստորագրված «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նշեց, որ կոնվենցիայի նպատակն է աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում ապահովել անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաեւ կանխել ռադիոլոգիական հետեւանքներ ունեցող վթարները, եւ եթե վթարը տեղի է ունեցել աշխատած միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում, մեղմել դրանց պատճառած վնասները: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ 2012 թ. նոյեմբերի 15-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 42 պետություն, ուժի մեջ է մտել 64 պետության համար:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային իրավական վարչության պետ Արայիկ Ավետիսյանը ներկայացրեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը, որի նպատակն է հաստատել վերջինիս կից կանոնակարգը: Այն սահմանում է արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման ժամանակ փոխօգնության ցուցաբերման հարցում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների կազմակերպման հիմունքները եւ փոխգործակցության մեխանիզմը:
2009 թվականի նոյեմբերի 16-ին ՈՒտրեխտում ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրեց, որ փատաթղթի նպատակն է այն վավերացնող պետություններում օրենսդրորեն ապահովել տեղական իշխանության գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունք, եւ դրա ապահովման համար սահմանել անհրաժեշտ ընթացակարգեր, նորմեր, պայմաններ եւ սահմանափակումներ:
Պատգամավորները քննարկեցին 2012 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հարնապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա նշեց, որ հանաձայնագիրը սահմանում է Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական դրույթներն ու պայմանները: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագիրը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքներով եւ դիտարկվելու է որպես զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրեց 1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան եւ կանոնադրությունը: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիայի նպատակն է անդամ-պետությունների տարածքներում ապահովել եւ պահպանել տարանցիկ փոխադրումների ազատություն: Փոխնախարարը տեղեկացրեց, որ կոնվենցիայով սահմանվում է ազատ տարանցման իրավունքը եւ որոշ կանոնակարգեր, որոնք չեն սահմանափակում տարանցման համար առկա երթուղիների նկատմամբ ինքնիշխանության կամ իրավազորության իրավունքները:
2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է կողմերի միջեւ մյուս կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցումը՝ նրանց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու համար:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը: