ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է մոտ երեք տարի. դրա անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ 2003 թվականին ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն, ըստ էության, չէր գործում՝ դրանում տեղ գտած մի շարք թերությունների պատճառով:
Այս հանգամանքը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների առկայությամբ. եվրոպական դատարանը ոչ միայն մատնանշել է գործող օրենքում առկա թերությունները, այլեւ նշել դրանց վերացման համապատասխան ուղղությունները:
Օրինագծի առաջին հոդվածում հստակ սահմանվում է, որ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը:
Ըստ նախագծի՝ այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացին համապատասխան տարածքային զինկոմիսարիատ դիմում է ներկայացնելու, որը քննարկելու եւ ծառայության տեսակի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացնելու հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս կազմում կընդգրկվեն տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներ:
Նախատեսվում է որոշակիորեն կրճատել ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս:
Նախատեսվում է նաեւ դատվածություն չունեցող ճանաչել այն քաղաքացիներին, ովքեր կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են ՀՀ կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը: Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, հնարավորություն կունենան անցնել այլընտրանքային ծառայության: Այս դեպքում նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվելու է՝ ի հաշիվ քրեական պատիժ կրելու կամ կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետի:
Արդարադատության նախարարի տվյալներով, հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն 1-ի ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից:
Հիմնական զեկուցողին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնցից շատերում մտահոգություններ էին հնչում՝ կապված կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալու հնարավորության հետ: Պատգամավորներից շատերը մտահոգվում էին, թե հնարավոր է, որ ավելանան այլընտրանքային ծառայություն անցնել ցանկացողները, ինչը, ըստ նրանց, խիստ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից:
Կարծիքներ հնչեցին, թե ներկայացված նախագիծը չի կարող լուծել ոլորտում առկա խնդիրները:
Հարակից ելույթում Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ քննարկումները նույնքան բուռն ու շահագրգիռ են եղել նաեւ գլխադասային հանձնաժողովում: Քննարկման հիմնական առանցքում եղել են այլընտրանքային ծառայությունը կազմակերպելու եւ գործընթացը վերահսկելու հարցերը: Թեեւ այլընտրանքային ծառայության օրենսդրական հիմքերը սահմնվել են դեռ 2003 թվականին, համակարգն, ըստ էության, չի գործել: Այլընտրանքային ծառայության անցնելու դիմումները քննող հանրապետական հանձնաժողովի գործառույթները եւս նոր չեն սահմանվում. ներկայում այն կարգավորվում է կառավարության որոշմամբ, իսկ այս նախագծի ընդունման դեպքում կգործի օրենքի ուժով: Ըստ բանախոսի՝ խնդիրը պետք է դիտարկել երկու՝ ազգային անվտանգության եւ կրոնական դավանանքի ու համոզմունքի ազատության տեսանկյունից: Դրանցից առաջինը եւ մարտունակ բանակ ունենալը գերակա խնդիր է մեր երկրի համար, մինչդեռ ներքին ու իրավական առումով խիստ կարեւոր է նաեւ մարդու դավանանքի ազատությունը` հատկապես, որ Հայաստանը ստանձնել է նաեւ խղճի եւ կրոնի ազատությունը երաշխավորող միջազգային պարտավորություններ:
Այդուհանդերձ՝ Կորյուն Նահապետյանը նախագծում մի շարք վիճահարույց դրույթներ է տեսնում եւ ամբողջական լուծումներ տալու նպատակով առաջարկում մշակել այլընտրանքային ծառայության մասին նոր նախագիծ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այլընտրանքային ծառայության անցնելու չափորոշիչները պետք է շատ հստակ եւ մանրամասն շարադրված լինեն օրենքում, որպեսզի նախ` չլինեն կոռուպցիոն ռսիկեր, ապա նաեւ` հանրապետական հանձնաժողովն ունենա ամուր հիմքեր՝ իսկապես այլընտրանքային ծառայության իրավունք ունեցողին տարանջատելու կեղծ դիմումատուից: Նրա խոսքերով՝ պետք է տրվեն գնահատման ճշգրիտ գործիքներ ու մեխանիզմներ: Հանձնաժողովի նախագահն այս փուլում հնարավոր համարեց նախագծերի ընդունումը՝ նշելով, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի հետագայում լրամշակել եւ բարելավել փաթեթը:
Պատգամավորների հարցերից պարզ դարձավ, որ նրանք ծառայությունից խուսափելու, կրոնական կազմակերպությունների թվաքանակի հնարավոր աճի եւ ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ որոշ մտահոգություններ ունեն: Փետրվարի 28-ի նիստում, շարունակելով հարցի քննարկումը, պատգամավորները տեսակետներ կարտահայտնեն կառավարության նախաձեռնության վերաբերյալ:
ԱԺ քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, տեղի ունեցավ պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան: