«PANORAMA.am» կայքի թղթակցի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայցնելով ներկա քաղաքական իրավիճակի իր գնահատականը` նշեց, որ հետընտրական գործընթացների առնչությամբ ԱԺ լիագումար նիստի ժամանակ ինքը «Ժառանգություն» խմբակցությանն առաջարկություն է ներկայացրել խորհրդարանական ձեւաչափում քննարկել ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: «Ժառանգության» ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը, նրանց միացել է նաեւ ՀՅԴ խմբակցությունը: ԱԺ նախագահի` քննարկումներին միանալու առաջարկն ընդունվել է նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների կողմից: Այժմ աշխատանք է տարվում համատեղ հայտարարության տեքստի վրա, որոշվում է, թե ինչ ձեւաչափով պետք է ընթանան քննարկումները: Հովիկ Աբրահամյանի խոսքով` եթե ընդհանուր համաձայնություն ձեռք բերվի, ապա կկազմակերպվի արտահերթ նիստ: Հակառակ դեպքում` գործընթացները կշարունակվեն:
Անդրադառնալով ԲՀԿ քաղաքական խորհրդի նախօրեին տարածած հայտարարությանը, ԱԺ նախագահը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումները, տեսակետները եւ ինքը որեւէ կերպ չէր ցանկանա արձագանքել հիշյալ հայտարարությանը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակցին հետաքրքրում էր ԱԺ նախագահի գնահատականը` որոշ մարզերում Սերժ Սարգսյանի պարտության վերաբերյալ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանրապետությունում կան 915 քաղաքային եւ գյուղական համայնքներ: Պարտություն գրանցվել է ընդամենը 70 համայնքներում, որոնցից 15-ը՝ քաղաքային, 55-ը՝ գյուղական, իսկ հաղթանակ ապահոված ձայների 58.3 տոկոսը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վատ ցուցանիշ չէ: Նա իր անհամաձայնությունը հայտնեց այն կարծիքի հետ, որ, եթե որեւէ մի համայնքում՝ դա կլինի քաղաքային, թե գյուղական՝ պարտություն է գրանցվել, ապա համայնքապետը պետք է հրաժարական տա: «Դրան ընդհանրապես մեր կուսակցությունը դեմ է, որովհետեւ տվյալ համայնքի ղեկավարը չէ մեղավոր, որ մեր թեկնածուն պարտվել է: Դրանք ընդհանուր խնդիրներ են, որ մենք պետք է հետագայում քննարկենք եւ հասկանանք»,-ասաց ԱԺ նախագահը: Նա բարոյական խնդիր համարեց Շիրակի մարզպետի, Արմավիրի քաղաքապետի ներկայացրած հրաժարականները: Իսկ այդ հարցում ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունը, պարզ կդառնա առաջիկայում:
«Առավոտ» օրաթեթին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչի կարող է հանգեցնել Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած կոշտ դիրքորոշումը: «Մենք ընտրություններում հաղթել ենք շատ լավ ցուցանիշով՝ 58.6%: Մեր թեկնածուի օգտին քվեարկել է 861 հազար քաղաքացի: Մենք հարգում ենք այն 539 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, սակայն իրենք էլ պարտավոր են հարգել 861 հազար այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Եվ որեւէ կոշտ դիքորոշում չի բխում ոչ օրենքներից, ոչ Սահմանադրությունից: Կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի հաղթել է Սերժ Սարգսյանը: Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերը՝ դա կլինի «Ժառանգություն» կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մյուս թեկնածուները, պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն հաղթող թեկնածուին եւ փորձեն իրենց ներուժն օգտագործել ոչ թե փողոցային միտինգներում, այլ նախագահին, իշխանություններին առաջարկեն ապագայում օգտագործել իրենց առաջարկները, կատարել փոփոխություններ, բարեփոխումներ: Բոլոր ոլորտներում մենք համաձայն ենք բանակցել եւ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն պատրաստ ենք քննարկել: Հանրահավաքային կոշտացումները չեն բխում ոչ պետության, ոչ ժողովրդի շահերից»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի խնդրանքով Աժ նախագահն անդրադարձավ Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն այդ միջադեպի վերաբերյալ տեսանյութը դիտել է «Ասեկոսե» կայքում, որտեղ շատ հստակ երեւում է, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող երիտասարդը հարվածում նկարահանողին: Մնացած ենթադրությունները նա թողեց լրագրողներին, միաժամանակ հորդորելով հրապարակումներում, հայտարարություններ անելիս լինել կոռեկտ, զերծ մնալ մարդկանց վիրավորելուց:
Ինչ վերաբերում է Արտաշատում ունեցած իր բարձր հեղինակությանը, ապա Հովիկ Աբրահամյանը դա պայմանավորեց այն աշխատանքով, որ կատարել է պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, այնուհետեւ՝ մարզպետ եղած տարիներին:
Եթե հանրահավաքային պայքարը մտնի ավելի կոշտ փուլ, որոնք կլինեն իշխանության գործողությունները. «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թղթակցի հարցին ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան ողջամիտ քաղաքական գործիչ է, որ նման քայլի չի գնա: «Կոշտ ելույթները դեռ չեմ համարում, որ կոշտ քայլեր են: Ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է իր դիրքորոշումը հայտնել հանրությանը: Պարտավոր ենք թույլ չտալ որեւէ ապօրինի գործողություն, եւ յուրաքանչյուր մարդ օրենքի առջեւ հավասար է: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն օրենքը, փորձեն բոլորին հորդորեն, որ իրենց գործողությունները լինեն օրենքի դաշտում»,-ասաց Հովիկ Աբրահանյանը: Նա բացառեց որեւԷ ապօրինի գործողություն իշխանության որեւէ գերատեսչության կողմից:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հետաքրքրում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ինչպիսի առաջարկներ ընդունելի կլինեն իշխանությունների համար: Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց.«Եթե նկատել եք, ես յուրաքանչյուր անգամ ընգծում եմ՝ ողջամիտ առաջարկություններ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ասի՝ եկեք գնանք երկրորդ փուլ, ապա, ինչպես կարելի է դրան համաձայնվել, արդյոք դա ողջամիտ առաջարկություն է: Եթե առաջարկում է լուծարել Ազգային ժողովը, Սերժ Սարգսյանը ինչպես պետք է ընդառաջ գնա, եթե դա Սահմանադրության, օրենքի որեւէ կետով հնարավոր չէ իրականացնել: Այո, ողջամիտ առաջարկ է, եթե ասվի, որ «Ժառանգության» որեւէ ներկայացուցիչ շատ լավ կկառավարի տվյալ ոլորտը, եւ առաջարկվի նրան ընդգրկել կառավարության կազմում: Եթե նման առաջարկներ լինեն, ապա, համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի այն քննարկել պարոն Հովհաննիսյանի հետ»:
«Ընդիմությունն իր առաջարկներն արել է: Արդյոք ինքներդ ունեք առաջարկներ: Ինչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները բարեփոփումների խորացման ուղղությամբ, որպեսզի մեղմվեն հասարակության մեջ առկա դժգոհությունները»,-հետաքրքրվեց «Haynews.am» կայքի թղթակիցը: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունների բարեփոխումներ իրականացնելու ծրագրերը կապված չեն ընդդիմության առաջարկների հետ: «Սակայն, եթե նրանք ունեն ողջամիտ առաջարկներ, որոնք իշխանությանը կօգնեն բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնել, ապա մենք պատրաստ ենք քննարկելու, ընդ որում՝ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլեւ բոլոր քաղաքական ուժերի, նույնիսկ՝ անհատ քաղաքացիների հետ: Այո, մենք գիտենք, որ մեր երկրում ունենք սոցիալապես անապահով խավեր, որ դժգոհություններ կան տարբեր նախարարություններից, գերատեսչություններից, չինովնիկներից, եւ համոզված եմ, որ առաջիկա հինգ տարիներին ՀՀ նախագահն անպայման դրանց անդրադառնալու է, փորձելու է երկրի ու ժողովուրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրներին լուծումներ տալ: Մեր թիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունի այդ քաղաքական կամքը, եւ համոզված եմ, որ առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու»,-ասաց ԱԺ նախագահը:
«Yerevan news.am» կայքի խնդրանքով՝ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով նաեւ այն հարցին, թե արդոք իրեն առաջարկվել է ղեկավարել կառավարությունը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ նախագահի հետ հանդիպմանը խոսել են Ազգային ժողովում ընթացող գործերի մասին, վարչապետի փոփոխության վերաբերյալ հարց չի քննարկվել: Նրա խոսքերով՝ շտապելու որեւէ խնդիր չկա, եւ ամեն ինչ լուծվելու է օրենքի շրջանակում, օբյեկտիվ: «Առջեւում Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ են, այժմ պետք է զբաղվել այդ խնդրով: Մենք ըստ ժամանակացույցի գնալու ենք առաջ. ապրիլի 9-ին կայանալու է ՀՀ նախագահի երդմնակալությունը, նույն օրը հրաժարական կներկայացնի կառավարությունը, ու մեկ ամսվա ընթացքում եւ վարչապետը կնշանակվի, եւ կառավարության կազմը կձեւավորվի: Այդ ընթացքում մենք ժամանակ ունենք մտածելու, ձեւավորելու թիմը: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կկայացնի»,-ասաց խորհրդարանի ղեկավարը չբացառելով, որ վարչապետի նշանակումը տեղի կունենա հենց ապրլի 9-ին:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների, փոխվարչապետների թվի ավելացման, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին տարածված լուրերին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հարցերը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում են, եւ, եթե որեւէ կոնկրետ քայլ լինի, ապա բոլորին կտեղեկացվի այդ մասին: «Ինքս գտնում եմ, որ կա փոփոխությունների անհրաժեշտություն: Կուսակցությունում քննարկել ենք փոխվարչապետների ինստիտուտի ընդլայնման հարցը, սակայն դրա իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահը դեռ ոչ մեկին հանձնարարական չի տվել: Ապագայում ամեն ինչ ավելի տեսանելի կլինի»,-ասաց նա:
Ակնկալվող փոփոխությունների թվում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ծրագիր:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ում քննարկվել է արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին «panarmenian.net» կայքի թղթակցի հարցին, ապա Աժ նախագահը տեղեկացրեց, որ քննարկումներ դեռ չեն եղել, բայց արդեն ժամանակն է՝ մարտի 3-ից պետք է սկսվեն առաջադրումները:
Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի Երեւանի քաղաքապետի առնչությամբ՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մշակվել է փոխզիջումային տարբերակ. լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցության, կոալիցիա կազմելու հնարավորություններին, ապա Հովիկ Աբրահանյանը նշեց, որ երբեք ոչինչ չպետք է բացառել՝ ամեն ինչ հնարավոր է: «Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրի հետ համամիտ են եւ պատրաստ են սատարելու Սերժ Սարգսյանի` ապագայում իրականացվելիք ծրագրերին, եթե ցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, ապա այդ հարցերը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեր գործադիր մարմինը կքննարկի»,-ասաց Աժ նախագահը՝ կարեւորելով կոալիցիոն կառավարությունում պրոֆոսիոնալ ղեկավարների ներգրավումը:
Հովիկ Աբրահամյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը օրերս հանդիպում է ունեցել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում որեւէ քաղաքական խնդիր չի քննարկվել:
Բավարարելով լրագրողների հետաքրքրասիրությունը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադրություն չունի իր թեկնածությունն առաջադրել 2018թ. նախագահական ընտրություններին: «Պարտադրի չէ, որ որոշ մարդկանց մտահոգությունները լինեն իմ մտադրությունները: Նման մարդիկ կարող են հանգիստ լինել, ես նման մտադրություններ չունեմ եւ չեմ ունեցել»,-ասաց Աժ նախագահը: Ինչ վերաբերում է վարչապետ դառնալու ցանկությանը, ապա նա նշեց. «Նախկինում ուզում էի, բայց այժմ՝ ոչ: Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ավելի բարձր է»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի եւս