«Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը քննարկվող զեկույցի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Իր ելույթը պատգամավորը կառուցեց՝ անդրադառնալով վերջին տարիներին տեղի ունեցած հետընտրական զարգացումներին եւ այդ ոլորտում առկա խնդիրներին, ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցին, ինչպես նաեւ արտագաղթի դրդապատճառներին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ մտքերի փոխանակության ընթացքում հնչած տեսակետներին, տվեց պարզաբանումներ:
Շարունակելով թեման՝ խորհրդարանը քննարկեց նաեւ «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:
Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012 թվականին գրասենյակն անդրադարձել է համակարգային 148 խնդրի, իրավական ծառայություն է մատուցել 7395 մարդու: 999 բողոքի ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: Նախորդ՝ 2011 թվականի համեմատ հաշվետու տարում Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունված գործերի թիվն աճել է 39 տոկոսով, 38 տոկոսով աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը:
Պաշտպանը եւ նրա գրասենյակի ներկայացուցիչները մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ այցելել են քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ եւ բացահայտել մի շարք մտահոգիչ խնդիրներ, մարդու իրավունքների խախտման դեպքեր:
Մարդու իրավունքների պաշտպանը թվարկեց այն խնդիրներն ու բացասական երեւույթները, որոնք նպաստում են մարդու իրավունքների խախտմանն ու ոտնահարմանը, նպաստում տարբեր համակարգերի նկատմամբ քաղաքացիների անվստահությանը:
Կարեն Անդրեասյանին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 14 պատգամավոր: Հարցերը վերաբերում էին խորհրդարանի եւ ՄԻՊ գրասենյակի առավել արդյունավետ համագործակցությանը, անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու օրենսդրական եւ ֆինանսական հնարավորություններին, հաշվետվության կառուցվածքին, մարզային կառույցների աշխատանքին եւ այլն:
Պատգամավորներն առաջարկեցին ըստ գերատեսչությունների մարդու իրավունքների խախտումները դիտարկելուն զուգահեռ հաշվետվության մեջ ներառել ամփոփաթերթ՝ խնդիրներն առավել համակարգված եւ տեսանելի ներկայացնելու համար: Նաեւ նշվեց օրենսդրական բացերի մասին վերլուծության անհրաժեշտությունը՝ հնարավոր փոփոխությունների համար, փաստաթղթում եզրահանգումների օգտակարությունը՝ խախտումնեի պատճառահետեւանքային կապը տեսնելու համար: Կարեն Անդրեասյանը պատրաստակամություն հայտնեց 2013 թ. հաշվետվությունը կազմելիս այս նկատառումները հաշվի առնել, կամ որոշ դեպքերում ներկայացնել առավել մանրամասնված տեղեկատվություն, ինչի բացը նկատեցին որոշ պատգամավորներ: Բանախոսը նշեց, որ տարեցտարի բարելավվում է հաշվետվության որակը՝ պայմանավորված թե փորձառության մեծացմամբ, եւ թե նոր դիտարկումների ու առաջարկությունների առկայությամբ: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներն ավանդաբար հանրային լսումներին ու քննարկումներին հրավիրում են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ փոխադարձ արդյունավետ գործակցության հասնելու նպատակով: Կարեն Անդրեասյանի գնահատմամբ՝ օգտակար կլիներ խորհրդարանում քննարկել նաեւ միջանկյալ զեկույցներ:
Պատգամավորները հարցերում անդրադարձան նաեւ այնպիսի ոլորտների, որոնք դեռեւս չեն հայտնվել ՄԻՊ գրասենյակի ուշադրության առանցքում. Կարեն Անդրեասյանը խոստացավ տեսադաշտից դուրս մնացած խնդիրներին անդրադառնալ այս տարի՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը:
Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 11-ի նիստում: Իսկ չորեքշաբթի օրվա վերջին նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին, ովքեր մինչ նոր կառավարության ձեւավորումը հանդիսանում են պաշտոնակատարներ: