Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:
ԵԽ անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված օրենքի նախագծերը:
Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին Մարինե Աշրաֆյանի հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է, որ համայնքի զարգացման ծրագիրը կազմվում է եռամյա կտրվածքով: Ուստի, որպեսզի հակասություն չառաջանա, առաջարկվում է «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում հստակ նշված է, որ համայնքների զարգացման ծրագիրը քառամյա կտրվածքով է:
Հիմնական զեկուցողը նշեց, որ քառամյա ժամկետն առավել այժմեական է, համապատասխանում է մունիցիպալ պրակտիկայի պահանջներին եւ համայնքի առջեւ դրված խնդիրներն իրականացնելու հարցում առավել արդյունավետ է:
Հարակից զեկույցում Ժորա Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագիծը ստացել է ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագիծը: