National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.05.2013
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ անցկացրեց
1 / 6

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին արտագնա նիստ գումարեց Արմավիրի մարզպետարանում:

Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ եւ մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ արտագնա նիստը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի» շրջանակներում:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը նպատակահարմար է համարել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ մարզում քննարկել ՀՀ կառավարության հեղինակած եւ վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ լսել տեղաբնակների կարծիքներն ու առաջարկները, որոնք, անշուշտ, էական նշանակություն կարող են ունենալ նախագծի լրամշակման համար:

Օրենքում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, նշելով, որ նախատեսվում է օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը եւ մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն առաջարկվում է լրացնել նոր պարբերությամբ, համաձայն որի՝ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան չորս տոկոսը: Նախատեսվում է, որ համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով պետք է ներկայացվի եւ քննարկվի ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կրկին կարող է ներկայացվել դրա քննարկումից վեց ամիս հետո:

Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարի գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրի եւ բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությանը, հանրային բաց լսումներ եւ քննարկումներ կազմակերպելուն եւ այլն:

Հեղինակների կարծիքով, այս փոփոխությունները կարող են նպաստել համայնքների բնակիչների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը, ինչպես նաեւ ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը:

Օրենքում նախատեսվող փոփոխություններին եւ նպատակներին հարակից ելույթում անդրադարձավ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը:

Նշելով առաջարկվող փոփոխությունները՝ Վահան Մովսիսյանն անհրաժեշտ համարեց վերանայել ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության համար օրինագծում ամրագրված 4 տոկոս շեմը՝ այն շատ մեծ թիվ համարելով փոքրաթիվ համայնքների համար: Այս մոտեցումը մտքերի փոխանակության ընթացքում պաշտպանեցին նաեւ համայնքների ներկայացուցիչները: Եղան նաեւ այլ առաջարկներ, որոնք վերաբերում էին դիմողի տարիքային շեմին, համայնքների կողմից կատարվող ծախսերի փոխհատուցման խնդրին:

Հանձնաժողովը հարցուպատասխանի միջոցով նաեւ տեղեկացավ, որ որոշ համայնքներում գրանցվել են դեպքեր, երբ մեկ կամ մի քանի քաղաքացիների գրավոր կամ բանավոր դիմումների հիման վրա ավագանիները քննարկել, երբեմն նաեւ լուծումներ են տվել բարձրացված հարցերին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման եւ առաջարկների համար, որոնք հանձնաժողովի կողմից կներկայացվեն հեղինակների դատին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am